Բորել. ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ չի իրականացվել «Մինսկ-2»-ը

174

«Քանի դեռ Մինսկի համաձայնագրերը չեն իրականացվել, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա», – հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Բորելը նշել է, որ այդ հարցն ինքը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ փետրվարի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

«Նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ պարզ էր, որ մենք պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կոչ ենք անում իրականացնել Մինսկի համաձայնագրերը, ինչը հստակ պայման է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններում», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։