ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը պետք է բացառվի և վերջ. Արման Թաթոյան

122

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:

Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի շարունակվող սպառնալիքների, միջազգային կանոններին կոպիտ խախտումներով մեխանիկական մոտեցումներով սահմանների «որոշման» հաշվին:

Ադրբեջանական զինվորականների ներկայությունով շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները կամ լրջորեն վտանգած են դրանք (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:

Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ առավել ևս տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը բոլոր հարթակներում իրականացվում է հենց այս հիմնարար հայեցակարգով:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան