Թուրքիան Կիպրոսի խնդրի միակ լուծումը համարում է «երկու պետությունների» բանաձևը

104

Կիպրոսի հիմնախնդիրը լուծելու համար Թուրքիան, երկու պետության բանաձևից բացի, այլ բանի շուրջ չի բանակցելու. ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Կիպրոսում այլ ելք չկա, բացի երկու պետության ստեղծման վերաբերյալ լուծումից,  ընդունում եք դա, թե՝ ոչ: Երբ նայում ենք հույն և կիպրա-հունական կողմերի վերջին հայտարարությանը, տեսնում ենք, որ նրանց վերաբերմունքի մեջ դույզն-ինչ փոփոխություն չկա։ Նրանք անտեսում են կիպրոսցի թուրքերին»,- Էրդողանին մեջբերում է Hurriyet-ը:

Էրդողանն անդրադարձել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի հունական առաջնորդ Նիկոս Անաստասիադիսի հայտարարությանը, որոնք դարձյալ պնդել են, որ Կիպրոսի խնդրի միակ լուծումը «երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիան» է:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի հայտարարությունը արվել է 5 + 1 հանդիպումից մի քանի շաբաթ առաջ՝  Կիպրոսի թուրք և հույն, ինչպես նաև երեք երաշխավոր երկրների՝ Թուրքիայի, Հունաստանի և Միացյալ Թագավորության մասնակցությամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

Հունական առաջարկներն անվանելով անիմաստ՝ Էրդողանն առաջարկել է խնդրի նոր լուծումներ գտնել՝ նոր դարաշրջանի ոգուն համապատասխան։

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ մենք այլևս թույլ չենք տա, որ կիպրոսցի թուրքերը տառապեն կղզու կեսդարյա փակուղուց»,- հավելել է նա: