Արցախում հրատապ լուծում պահանջող խնդիրների մոտ 98 տոկոսը պետական ֆինանսական ուղիղ աջակցությամբ լուծում է ստացել

78

Պետական ֆինանսական ուղիղ աջակցություն է ստացել արցախցի 108 հազար ընտանիքից՝ մոտ 100 հազարը.  այս մասին տեղեկացրել Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ Աժ նիստի հարցուպատասխանի ընթացակարգի ժամանակ:

Մանե Թանդիլյանը  հայտնել է, որ  հրատապ լուծում պահանջող  խնդիրների մոտ 98 տոկոսը  պետական  ֆինանսական ուղիղ աջակցությամբ լուծում է ստացել: 

«Արցախցի միջին՝ 5 հոգանոց ընտանիքը ստացել է 2 միլիոն դրամի չափով  պետական ուղիղ աջակցություն: Այդ շրջանակներում  բազմաթիվ ընտանիքներ ապահովվել են կենցաղային տեխնիկայով,գույքով,կացարանով:Սոցիալական մի շարք խնդիրների լուծման հարցում՝ առկա են որոշ ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք պատրաստ չէին պատերազմական ու հետպատերազմական  իրավիճակին: Ամենօրյա ռեժիմով ստանում ենք այդպիսի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ բարձրաձայնումներ և  հետամուտ ենք դրանց լուծմանը: Հրատապ ու չլուծված խնդիրներից է բնակարանային ապահովումը: Այս հարցի լուծումը դիտարկում ենք գյուղական բնակավայրերում: Այժմ քննարկում ենք այնպիսի ծրագիր, որի միջոցով մարդիկ համոզված կլինեն՝  երբ և ինչպիսի բնակարան կստանան»,-ասել է  Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը: Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների՝ մեր  վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում վերահաստատվելու կոչին արդեն 300 քաղաքացի է արձագանքել: