Անդադար աղոթիր, մամ, որովհետև միայն Աստված կարող է օգնել. Արզուման Թորոսյան

251

 «Երբ վերջին անգամ թեժ մարտի ընթացքում ինձ զանգեց, հարցրեց՝ ի՞նչ եմ անում, ես պատասխանեցի՝ աղոթում եմ:  Տղաս խնդրեց անդադար աղոթել, որովհետև միայն Աստված կարող էր օգնել նրանց՝ ողջ դուրս գալու այդ մարտից», – ցավով վերհիշում է մայրը՝ տիկին Լիանան…

Արզուման Թորոսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2016 թվականներին զբաղվել է կարատե սպորտաձևով: Հայաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում կայացած առաջնություններում ի պատիվ նրա հաղթանակների՝  բազմիցս բարձրացվել է հայոց եռագույնը: Արժանացել է «Սև գոտի» անվանակարգի:

2018-2019 ուսումնական տարում Արզումանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ և զորակոչվել բանակ։ 2019 թվականի հուլիսի 28-ին զինվորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում, սակայն 2020 թվականի հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են Ջրական (Ջաբրայիլ):

Մայրը՝ Լիանա Ռոստոմյանը, պատմում է, որ 19-ամյա ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում սպորտը: «Շատ գեղեցիկ կեցվածք ուներ: Երբ 12 տարեկանում կարատեի՝ Ստամբուլում անցկացված աշխարհի և Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնություններում բարձրացրեց մեր եռագույնը, այնքան հպարտ էր: Միշտ առաջինը պիտի լիներ՝ թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ», – պատմում է տիկին Լիանան:

«Ամեն անգամ, երբ խոսում էինք հեռախոսով, պատմում էր իր երազանքների մասին: Հուլիսին պետք է զորացրվեր. հաշվում էր օրերը, որպեսզի վերադառնար ու դասի գնար սեպտեմբերին», – հիշում է տիկին Լիանան: Արցախում պատերազմի օրերին մերօրյա հերոսը շատ թեժ մարտերի էր մասնակցել:

«Իրենց վրա դրված բոլոր պարտականնությունները լիարժեք կատարելուց հետո արդեն պետք է վերադառնային Մեղրի՝ իրենց զորամաս, սակայն ծառայակիցները շրջափակման մեջ էին հայտնվել: Արզումանն իր 9 ընկերների հետ շտապել էր օգնության», – ասում է տիկին Լիանան: Բայց, ցավոք, խրամատում նրանց վիճակված էր իրենց վրա վերցնել թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածը: Ընկերներից միայն մեկին հաջողվեց ողջ մնալ:

Հավերժ փառք…