Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է պետք անել

150

Старше Эдды կոչվող թելեգրամ ալիքը գրում է, –

«Ալիքներն այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Երկրագնդի այս փոքրիկ կտորի վրա, կարող են տարածվել ամբողջ աշխարհով, և այն բոլոր խառնաշփոթությունները, որ տեղի են ունենում Երևանում, ամեն դեպքում ուղղակիորեն կներգործեն Ռուսաստանի վրա:

Եվ այսպես, երեկվա (փետրվարի 7-ի) հեղաշրջումը, որն, ըստ էության, իրականացրեց Փաշինյանը, հրաժարվելով արտահերթ ընտրություններից (այս պարոնը շատ է սիրում վկայակոչել բանավոր պայմանավորվածությունները, երբ ինչ-որ բան է տալիս թուրքերին, և անմիջապես հրաժարվում է դրանցից, եթե խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը և ընդհանրապես՝ Հայաստանի պահպանմանը), ակներևաբար ցուցադրում է ակնհայտ մի բան․ Քոչարյանը, իր նկատմամբ հասարակության տարբեր խավերի երկիմաստ վերաբերմունքով հանդերձ, ըստ էության, միակ քաղաքական գործիչն է, ով ունակ է ինչպես գլխավորել երկիրը, այնպես էլ դուրս բերել այն ամենաբարդ քաղաքական ճգնաժամից, որը սպառնում է Հայաստանի ցանկացած ինքնիշխանության և սուբյեկտության կորստով ընդհարապես: Քոչարյան անձի շնորհիվ հայ հասարակության մեջ ձևավորվեց կոնսենսուս (համերաշխություն), և հենց այդ հայտնագործությունն էլ ցնցել ինչպես Փաշինյանին, այնպես էլ նրա պատվիրատուներին և կլիենտներին:

Ի վերջո, ի՞նչ էր ուզում Փաշինյանը: Պահել պաշտոնը՝ զբաղվելով անիմաստ դեմագոգիայով և ուղղորդելով բողոքի ալիքը: Նա այս ամենը ուռճացրեց՝   Մոսկվայի կողմից ինչ-որ աջակցության մասին ասեկոսեներով: Այստեղ Նիկոլ Վովաևիչը գնաց ուղղակի խեղաթյուրման: Մոսկվան սատարում է Երեւանին, բայց ոչ անձամբ Փաշինյանին: Այո, Մոսկվայում կային Նիկոլի մի քանի լոբբիստներ, բայց հիմա, ըստ ամենայնի, նա բոլորին այնքան զզվեցրեց, որ կորցրեց նաև նրանց:

Հայաստանում Փաշինյանին աջակցության իրական մակարդակը (իմ գնահատականներով) կազմում է բնակչության 10-15 տոկոսը: Եվ նա կարող է պահպանել իշխանությունը բացարձակապես այն պատճառով, որ այլ թեկնածուներ չկան: Իսկ նրանց, ովքեր կան, նա հեշտությամբ կարող էր հաղթել ընտրություններին՝ օգտագործելով ժամանակակից ընտրական տեխնոլոգիաներ: Հենց այդ պատճառով Նիկոլը համաձայնել էր արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ հուսալով դրանով կասեցնել ինչպես հեղաշրջման վտանգը, այնպես էլ հասկանալով, որ ընտրությունները, որտեղ ընտրատեղամասեր կգա բնակչության նվազագույն տոկոսը, նա կհաղթի:

Եվ այստեղ նա հարված ստացավ այնտեղից, որտեղից չէր սպասում: Փաշինյանը չէր սպասում, որ 10 տարի դիվականացվող Ռոբերտը կորոշի գնալ ընտրությունների: Իսկ այն բանից հետո, երբ իր իսկ սոցիոլոգները ասացին, որ ինքը շանսեր չունի Քոչարյանի դեմ, և որ, ընդհանրապես, կարծես թե Ռոբերտի գլխավորած քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն կստանա խորհրդարանում, Փաշինյանը այլ բան չգտավ, քան ընդհանրապես հրաժարվել ընտրություններից:

Եվ սա ռազմավարություն չէ, սա  արձագանք է խուճապին։ Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է պետք անել: Չէ որ, ըստ էության, արտահերթ ընտրություններ հայտարարելով, նրան հաջողվեց կանխել նույն զինվորականների կողմից իր իսկ ձերբակալումը: Մարդիկ հույս ունեին, որ այդ մարդը ազնվորեն կհեռանա կամ էլ կմնա, եթե այդպես քվեարկի ժողովուրդը: Հիմա նա պարզապես լկտիորեն խաբեց բոլորին: Եվ, իմ կարծիքով, եթե նա խելքի չգա, ապա շատ հնարավոր է, որ կրկնի Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագիրը:

Կարիք չկա հույս դնել Լոնդոնի և Վաշինգտոնի աջակցության վրա, այնտեղից կարող են հնչել միայն քաջալերանքի խոսքեր: Իսկ Բաքվի և Անկարայի աջակցությունը, որն արտահայտվում է ռազմական ներխուժման սպառնալիքներով Հայաստանին ուղղակի շանտաժի ենթարկելու տեսքով, ըստ ամենայնի, կկասեցվի Մոսկվայի կողմից:

Ի դեպ, ծայրաստիճան հատկանշական է այն հիստերիան, որը սկսեցին ադրբեջանական և ադրբեջանամետ ԶԼՄ-ները, երբ իմացան Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու որոշման մասին, և այն բանից հետո, երբ Քոչարյանը ելույթ ունեցավ ռուսական հեռուստատեսությամբ: Ինչպես ասում են, դուք նրանց կճանաչեք իրենց պտուղներով:

Ինչ կցանկանայի ավելացնել: Ես արդեն գրել եմ, որ Քոչարյանը չափազանց մեծ գործիչ է Հայաստանի համար: Դա հասկանում են Բաքվում և Անկարայում: Եվ հաշվի առնելով Պուտինի և Քոչարանի միջև ձևավորված  անձնական հարաբերությունները, ինչպես նաև Քոչարյանի անձնական արժանիքները, Ռոբերտի հնարավոր հաղթանակը ատամների կրճտոց է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր արդեն տոնել են հաղթանակը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում: Ես հետաքրքրությամբ հետևելու եմ, թե ինչպես է հանգուցալուծվելու իրավիճակը Երեւանում: Սակայն իմ կարծիքով, ընտրությունների վերաբերյալ որոշման ցանկացած ձգձգում կամ դրանց չեղարկումը կմոտեցնի Փաշինյանի տապալումը, և լավագույն դեպքում դա կլինի քաղաքական տապալում»:

Թարգմ․՝ Մ․Զ․