Սնունդը նման էր շան լափի, մահճակալը՝ ծակված, անկողինը՝ կեղտոտ. «Նորք» ինֆեկցիոնում «պատանդ» մնացած քաղաքացի

109

Եգիպտոսից ՀՀ ժամանած հայերի 9 հոգանոց խմբին ստիպողաբար մեկ օր պահել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում՝ մինչեւ կորոնավիրոսի թեստի պատասախանը ստանալը:

Արման Ղուկասյանը, որն այդ խմբում է եղել, Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է. «Գալիս էինք Շարմ Էլ Շեյխից: Երկու ուղղաթիռ, երկուսն էլ՝ լեփ-լեցուն: «Զվարթնոց» օդանավակայանում թեստի հանձնման տեղ կա, որտեղ 15 հազար դրամ վճարելու դեպքում թեստավորվում ես, պատասխանը հետո ուղարկում են տուն: Այսինքն՝ նույն րոպեին 15 հազարը վճարելու դեպքում՝ դեռ չգիտես՝ բացասական է, թե դրական, ուղեւորվում ես տուն: Նա, ով չի կարողանում 15 հազար վճարել եւ տեղում թեստավորվել՝ օդանավակայանից շտապօգնության մեքենայով տանում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց»:

Ղուկասյանի խոսքով՝ հիվանդանոցում թեստն անվճար է եղել, բայց, քաղաքացիներին ստիպել են պատասխանին 24 ժամ սպասել բացառապես հիվանդանոցում: Ասում է՝ քաղաքացուն տրամադրում են 2 քառակուսիանոց հիվանդասենյակ, որտեղ, իր խոսքով, հազիվ մեկ մահճակալ է տեղավորված, նստում ես՝ շունչդ կտրվում է:

«Մեզ տարել էին մի վայր, որտեղ սնունդը նման էր շան լափի: Մարդկանց սառը ձկան գլուխ են տալիս, որը չէր ուտվում, հիվանդասենյակում մահճակալը ծակված, անկողինը՝ կեղտոտ, ալկոգելի տարաները՝ դատարկ: Երբ ցույց էինք տալիս բժիշկներին՝ իրենք էին մեզ վրա մուննաթ գալիս: Հարցնում ենք՝ ո՞րն է լոգիկան, ի՞նչ տարբերություն, թե որտեղ կսպասես թեստի պատասխանին, ինչո՞վ է պայմանավորված, երբ 15 հազար վճարելու դեպքում տանն ես սպասում, «Նորք» ինֆեկցիոնում անվճար թեստավորվելիս՝ պարտադիր հիվանդանոցում: Բոլոր բժիշկները՝ գլխավորից մինչեւ տնօրեն ասացին՝ կառավարության որոշումն է, կարգն է այդպես: Խնդրեցինք՝ ցույց տալ որոշումը, որեւէ մեկը ցույց չտվեց»:

Ղուկասյանի խոսքով՝ հիվանդանոցում ասել են՝ կարող եք ոստիկանության թույլտվությամբ գնալ տուն, եթե չեք ուզում մնալ, բայց այդ դեպքում տուգանք եք վճարելու 700 հազար դրամի չափով: Դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, զանգել են Արդարադատության նախարարություն: ՄԻՊ-ից ասել են՝ ոչնչով չեն կարող օգնել, նախարարությունից՝ նույնը՝ կառավարության որոշում կա:

«Պահանջում էինք՝ ցույց տալ որոշումը, ասում էին՝ իրավասու չեն որոշում ցույց տալ: Ասում ենք՝ որքա՞ն է հավանականությունը, որ այստեղ չենք վարակվի, բուժանձնակազմը վստահեցնում էր՝ այստեղ չեք վարակվի: Ցույց էի տալիս կողտոտ պայմանները: Երբ ներսում նստում ես, դուռն էլ փակ, շունչդ կտրվում է, սիրտդ վատանում է: 2 քառակուսիանոց պալատներ են, չի կարելի մարդկանց հետ այդպես վարվել: Փոքր տարածքներից ինքս վախեր ունեմ: Դուռը բացում եմ՝ բժիշկը գալիս փակում է, ասում եմ՝ չեմ կարողանում շնչել, պատասխանում են՝ թթվածին ունենք, կտանք՝ կշնչեք: Կոպիտ ասած՝ մարդուն գցում են այնպիսի վիճակի մեջ, որ ինքնազգացողությունը վատանա, հետո ասեն՝ դիմե՛ք բուժօգնության»,- նշում է քաղաքացին:

Ի դեպ, Եգիպտոս մեկնելիս ընդունող երկրից պահանջ է եղել՝ թեստավորվել եւ Եգիպտոս մտնել՝ թեստի բացասական պատասխանը ձեռքին: ՀՀ վերադառնալիս մեր երկիրը այսպիսի պահանջ չի դրել:

Լիանա Սարգսյան

Yerkir.am