Մինսկի խմբի անավարտ օրակարգը

125

azgonline.am-ը արդեն ներկայացրել էր այս հոդվածի անգլերեն տարբերակը, ներկայացնում ենք հայերեն թարգմանությունը, –

ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի պարտականություններից մեկը կապ հաստատելն էր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեյի հետ, որպեսզի Մինսկի խումբը վերսկսի իր աշխատանքներն ու շարունակի հետապնդել իր օրակարգի անավարտ մնացած հարցերը, որոնց թվում են Ուկրաինայում, Բելառուսում եւ Կովկասում տեղի ունեցած կատարված իրադարձությունները: Հարցերն անշուշտ առնչվում են մեկ ընդհանուր երկրիՙ Ռուսաստանին: Նախագահ Բայդենն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկու երկրների միջեւ հարաբերությունների վերանայման հարցով: Բայց կարծես թե խոսակցությունն այնքան էլ բարեհաջող ավարտ չի ունեցել, քանի որ ԱՄՆ-ի նորընտիր ղեկավարը խոսք է բացել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կալանավորման մասին: Մյուս կողմից, Ֆրանսիայի արտգործնախարարության մի պատվիրակություն երկու անգամ Հայաստան եւ Ադրբեջան է այցելել տնտեսական օժանդակություն ցուցաբերելու երկու երկրներին եւ օգնելու, որ տարածաշրջանում նոր նախագծեր իրագործվեն:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արագ պատերազմ սանձազերծելով, Թուրքիան եւ Ռուսաստանն անշուշտ հետապնդում էին իրենց սեփական շահերը, մասնավորապես իրագործելու իրենց զորքերը տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանում տեղակայելու մտադրութունները: Այս հապճեպ պատերազմի եւ կործանարար խաղաղության պատճառներից մեկը շրջանցելն էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, որին վերջին երեք տասնամյակներում վստահված էր կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը:

Ամերիկայի նախորդ վարչակազմին չէին հետաքրքրում այլ երկրների պատերազմները: Ոչ էլ ավանդական դաշինքներն ու պայմանագրերը: Այժմ երբ փոթորկալից նախագահական ընտրությունների ժամանակներն ԱՄՆ-ում անցել են, Վաշինգտոնն ու Փարիզը պահանջում են վերստին զբաղեցնել իրենց տեղերը բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել իրենց օրակարգում անավարտ մնացած հարցերը:

Ղարաբաղի հակամարտության գործընթացում, միակ հարցը, որ դեռեւս լուծված չէ, անկլավի իրավական կարգավիճակի խնդիրն է:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դիտավորյալ չի վերադարձնում ռազմագերիներին եւ կալանավորվածներին, որպեսզի խափանի Մինսկի խմբի գործունեությունը եւ հետաձգի կարգավիճակի շուրջ բանակցությունների կայացումը: Ռազմագերիները Ադրբեջանում պատանդ են մնում, որպեսզի օգտագործվեն որպես խաղաթղթեր ավելի ձեռնտու գործարք կնքելու համար: Նոյեմբերի 9-ին երեք երկրների միջեւ ստորագրված հրադադարը կոչ էր անում, որ պատերազմող կողմերը մնան մինչ այդ իրենց զբաղեցրած դիրքերում: Ադրբեջանը ցանկանում է, որ Ղարաբաղի ինքնապաշտպանության զորքերը դուրս գան Ստեփանակերտից, ինչի հետեւանքում մեծ ջանքեր չեն պահանջվի գրավելու այն, մանավանդ որ մարտավարական նշանակություն ունեցող Շուշին արդեն իրենց ձեռքերում է:

Հենց Ադրբեջանի արհեստական խոչընդոտը վերանա, Մինսկի խմբի համանախագահները զբաղվելու են Ղարաբաղի կարգավիճակի հարցով: Հայաստանը, սակայն, պետք է ճնշում գործադրի եւ պատասխանատվության ենթարկի Ադրբեջանինՙ խախտելու համար Մինսկի խմբի գլխավոր սկզբունքներից մեկը, որն էՙ հակամարտության կարգավորումը իրականացնել առանց ռազմական ուժի դիմելու:

Ռուսաստանը ընդունում է, որ օրակարգի այս հարցը առկախ է մնացել եւ հավատացած է, որ դեռ անորոշ ժամանակով այն պետք է հետաձգել, մինչեւ որ Մինսկի խումբը այն վերստին քննարկի:

Քանի որ մյուս հարցերըՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումը, ակնթարթային լուծում են ստացել, կարծում ենք պատճառ չկա, որ կարգավիճակի հարցը հետաձգվի կամ անժամկետ ձգձգվի:

Կովկասը երկրագնդի դյուրավառ կենտրոններից մեկն է, քանի որ մեծ ու փոքր բազմաթիվ երկրների շահերը այդտեղ են բախվում, եւ կողմերն իրենց պայքարում հակված են անարդար վերաբերվել Հայաստանին եւ անտեսել նրա շահերը:

Պատերազմը աղետալի էր Հայաստանի համար, բայց այն մեծ վնաս հասցրեց նաեւ հարեւան Իրանին, որն այդ ընթացիկ «խաղից» դուրս էր: Թուրքիան որպես Արեւմուտքին փոխարինող երկիր կարողացավ ավելի մոտիկանալ Իրանի սահմաններին: Իսկ Ադրբեջանըՙ վերագրավելով տարածքներ հայերիցՙ ընդարձակեց Իրանի հետ իր սահմանը, ստեղծելով լրտեսության եւ միջամտության ավելի լայն հնարավորություններ Իսրայելի համար:

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ ակնարկեց Իրանի մասնատման մասին: Իրանի վարչակազմը խիստ վրդովվածՙ անմիջապես գործի անցավ: Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը նախաձեռնեց այցելել տարածաշրջանի մի շարք երկրներՙ փորձելով վերահաստատել իր երկրի հեղինակությունը եւ դերը այդ վայրում: Յուրաքանչյուր երկրում նա ասաց այն, ինչ հյուրընկալող կողմը կցանկանար լսել: Բաքվում նա շնորհավորեց Ադրբեջանի կառավարությանը տարածքներ վերագրավելու առթիվ: Երեւանում նա առաջարկեց ցուցաբերել տնտեսական օժանդակություն եւ համագործակցություն: Անկարայում նա հրավիրեց Էրդողանին այցելել Թեհրան, իսկ Մոսկվայում հիշեցրեց նախագահ Պուտինին, որ Իրանը միշտ էլ եղել է տարածաշրջանի կայունությանը նպաստող բարեկամ ուժերից մեկը:

Իրանը նաեւ պատրաստակամություն է հայտնել օգնելու, որ բարելավվեն հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց մինչ օրս երկու կողմերից արձագանքներ չի ստացել: Այժմ Իրանը պետք է պատրաստվի դիմակայելու Բայդենի նորակազմ կառավարության պահանջները վերանայելու Օբամայի իշխանության օրոք ձեռք բերված միջուկային պայմանագրի դրույթները, որոնք նախագահ Թրամփի կողմից չեղյալ էին հայտարարվել:

Նախանշաններ կան, որ այս անգամ ապրիլի 24-ին նախագահ Բայդենը իր խոստմանը հավատարիմ կմնա եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե անշուշտ Անկարան ավելի քաղցր մի բլիթով չհրապուրի նրան, եւ նա ստիպված չլինի ընդունել այն: Առայժմ Վաշինգտոնը չարագուշակ լռություն է պահպանում Անկարայի հետ իր հարաբերություններում: Նախագահ Բայդենը բարեկամ թե թշնամի շատ երկրների ղեկավարների հետ է հեռախոսազրույցներ ունեցել, բայց դեռեւս չի պատասխանել հեռախոսային կապ հաստատելու Էրդողանի հայցին:

Տարածաշրջանում Իրանին (եւ նաեւ Ռուսաստանին) մեկուսացնելուց հետո, Անկարան այժմ փորձում է իր կամքը թելադրել այլ վայրերում եւ այլ ոլորտներում: Իրականում նա արդեն տնտեսական մի նոր ծրագիր է մշակել «Վեցի հարթակ» խորագրով, որի մեջ ներգրավված կլինեն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը եւ Հայաստանը: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության մի խոսնակիՙ վերջինս կհրավիրվի մասնակցելու, եթե հրաժարվի թշնամական վերաբերմունք ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ:

Վերոնշյալ զարգացման այս ծրագիրը եւ տարածաշրջանի հաղորդակցության միջոցների ապաշրջափակումը, որ նախատեսվում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երկսայր թուր է Հայաստանի համար: Շրջափակման պայմաններում Հայաստանն արդեն կազմավորել է իր տնտեսությունը անցած 30 տարիների ընթացքում, այնպես որ շատ զգույշ պետք է լինի թուրքական որեւէ առաջարկի նկատմամբ ոչ թե սոսկ հիվանդագին վախից դրդված, այլ պարզապես հենվելով պատմական փորձառության վրա: «Վաշինգտոն փոստ» թերթի հունվարի 28-ի համարում տպագրված Ասլի Այդինթասբաշի հոդվածը որոշ պատկերացում տալիս է, թե ինչ նախադրյալներով է Էրդողանը կառուցում նախագահ Բայդենին մերձենալու իր քաղաքականությունը: Պարզվում է, որ դրանցից գլխավորը Վաշինգտոնին հասկացնելն է, որ Թուրքիան արդեն դարձել է գերտերություն եւ կարող է ինքնուրույն գործել եւ որոշումներ ընդունել: «Գնալով ավելի ինքնավստահ դառնալով եւ մեծացնելով իր երկրի պաշտպանական հնարավորությունները, Թուրքիայի իշխանավորն այլեւս չի ցանկանում լինել Արեւմուտքի հավատարիմ գործընկերը: Նա հավատացած է, որ Թուրքիան պետք է կերտի իր սեփական ճակատագիրը Էրդողանի իսկ ղեկավարության ներքո», գրում է հոդվածի հեղինակը, այդուհանդերձ նկատելով, որ նման մոտեցումը հավանաբար դժվարամարս կլինի Արեւմուտքի համար: Այդ պատճառով էլ տակտիկական այլ միջոցներ է նշում նա, որոնց Էրդողանը կարող է դիմել: «Մեծ տեղաշարժ կատարելը գուցե տեղին չի լինի, բայց մի ոլորտում հնարավոր է դրականորեն զարգացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Դա Թուրքիայի մերձակա շրջանների (Կիպրոս, Հայաստան, եւայլն) վաղեմի հակամարտությունների վերացումն է: Ակնկալելով Բայդենի վարչակազմի բարյացակամ վերաբերմունքը, Անկարան վերջերս մի շարք դրական քայլեր է կատարել: Ընդառաջելով Եվրոմիությանըՙ նա բարեկամական ձեռք է մեկնել տարածաշրջանային մրցակից երկրներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Մեկ տարվա կոշտ քաղաքականությունից հետո, նա նաեւ խրախուսել է ՄԱԿ-ին վերսկսելու բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ: Իսկ ամենազարմանալի նորությունն այն է, ըստ Էրդողանի ավագ խորհրդատուներից մեկի ինձ տված հավաստիացումից, թե Անկարան պատրաստակամություն է հայտնել կարգավորելու Հայաստանի հետ իր հարաբերությունները»:

Մենք տեղյակ ենք, թե ինչ «սիրային նամակներ» են վերջերս փոխանակվել Էրդողանի եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի միջեւ այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ Էրդողանը հրապարակայնորեն խորհուրդ էր տվել իր ֆրանսիացի գործընկերոջը հետազոտել տալ իր գլխուղեղը: 1974-ին կղզու 40 տոկոսի զավթումով սկսած կիպրական խնդիրը մինչեւ օրս չի լուծված: Չնայած միջազգային կազմակերպությունների հետզհետե աճող ճնշումներին, Թուրքիան ոչ մի թիզ հող չի վերադարձրել Կիպրոսին, բայց ամեն անգամ կեղծ պատրաստակամություն է հայտնել վերսկսելու բանակցությունները, որոնք միշտ էլ միեւնույն արդյունքով են ավարտվել:

Հայաստանը նույնպես նախկինում ընկել է նման թակարդի մեջ: Մեկըՙ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում (Սերժ Սարգսյան եւ Աբդուլահ Գյուլ), իսկ մյուսըՙ 2009-ին Ցյուրիխի Արձանագրությունների ժամանակ:

Ամեն անգամ, որ գերտերությունները կուլ են տալիս թուրքական պատճառաբանությունները եւ հետ կանգնում իրենց մտադրություններից, որպեսզի չխանգարեն Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցման փորձերը, Թուրքիան դիվանագիտական աշխարհին Հայաստանի հետ երկխոսության մի նոր, շինծու փաթեթ է առաջարկում:

«Lragir.am» կայքը հունվարի 31-ին տեղեկացրել էր, որ Ամերիկա-հայկական հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը խորհուրդ է տվել վարչապետ Փաշինյանին շնորհավորել նախագահ Բայդենին: Մյուս կողմից նա զգուշացրել է Փաշինյանին, որ Թուրքիայի հետ բանակցություններից հեռու մնա, որովհետեւ եթե նման գործընթաց սկսի, Բայդենը կխուսափի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, իսկ դա այն է, ինչ Թուրքիան է ցանկանում:

Մեկ անգամ տուժվածը կրկնակի կզգուշանա:

Հայաստանը չպետք է ստերի թակարդն ընկնի նորից, որովհետեւ դա եղել եւ մնում է Թուրքիայի մարտավարությունը, որի նպատակն է խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Հայաստանն, ընդհակառակը, ոչինչ չի շահելու Թուրքիայի հետ հարաբերությունների կայացումից, հատկապես ներկայիս, երբ վերջինս իր զենքերի եւ վարձկանների միջոցով այդքան դառնություն պատճառեց Հայաստանին եւ Արցախին: Հայաստանը պետք է բարձրացնի նշաձողը Թուրքիայից պահանջելով, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ նրան մշտապես պաշտպանողական դիրքերում պահի: Եթե Թուրքիան ցանկանում է համատեղ հանձնախումբ կազմել, այդ հանձնախմբի միակ պարտականությունն է լինելու հաշվարկել, թե ինչքան է Թուրքիան հատուցում պարտական Հայաստանին:

Այժմ, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ցանկություն է հայտնել վերսկսելու Մինսկի խմբի գործունեությունը, բոլոր վերոնշյալ զարգացումները իրենց արտացոլումն են գտնելու մյուս համանախագահների որոշումներում: Նրանք Մոսկվային եւ Անկարային պատասխանատվության են կանչելու ղարաբաղյան պատերազմը իրենց սեփական շահերին ծառայեցնելու համար: Ժամանակն է, որ Մինսկի խումբը զբաղվի իր անավարտ թողած օրակարգի հարցերով:Անգլ. թարգմանեցՙ

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator)