«Հայրական խնձորենին»ՙ վերընձյուղման խորհրդով

191

Ամալյա Կարսյան. հուշ-ցերեկույթ եւ գրքի շնորհանդես Գյումրիում

Ո՞վ ենք մենք…

Լույսով լցված դատարկ գավ,

Այսօրՙ ծաղիկ, վաղը` կավ

2018 թվականից այդ վաղվա հանգրվանում է բերված տողերի հեղինակըՙ Լենինական-Գյումրիում ապրած բանաստեղծ, մանկավարժ (նաեւ Արցախում աշխատած) Ամալյա Կարսյանը: Հունվարի 27-ինՙ նրա ծննդյան օրը կազմակերպված հուշ-ցերեկույթն ու իր «Հայրական խնձորենին» արձակ գործերի ժողովածուի շնորհանդեսը Արցախյան 44-օրյա դաժան պատերազմից հետո ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում կազմակերպված առաջին միջոցառումն էր:

1970-80-ական թվականներից գրական ասպարեզ մտած Ամալյա Կարսյանի ստեղծագործությունները նախ տպագրվել են տեղական ու հանրապետական մամուլում, գրական պարբերականներում ու ալմանախներում: 2007, 2016 եւ 2017 թվականներին լույս են տեսել նրա բանաստեղծական ժողովածուներից երեքըՙ «Հագարա», «Սիրո կանթեղ», «Կեցության կայմեր», իսկ չորրորդըՙ «Լույսի ակունքներ» վերնագրով, հրատարակվել է բանաստեղծուհու մահից հետո: Նրա ստեղծագործություններից թարգմանվել են նաեւ ռուսերեն եւ ուկրաիներեն:

Կարսյանի արձակ գործերըՙ պատմվածքներ, մանրապատումներ, հուշապատումներ, նրա կենսափորձի, այդ թվումՙ 88-ի երկրաշարժի ցավագին փորձառության ծնունդ են, որի 30-րդ տարելիցին էլ հեղինակը նվիրել է դեռ կենդանության օրոք տպագրության ներկայացրած այս ժողովածուն: Այդ գործերում նրա ապրած կյանքն էՙ հուզառատ շարադրանքով: Ինչպես նշվում է ժողովածուի ընծայակում, գործերի բազմաթիվ հատվածներ իսկական արձակ բանաստեղծություններ ենՙ խոր զգացականությամբ:

Գիրքը դեռ 2019 թվականի վերջին ՀՀ նախագահի աշխատակազմի հովանավորությամբ, գեղեցիկ ձեւավորմամբ լույս է ընծայել Գյումրու «Դպիր» հրատարակչությունը: Շնորհանդեսն ուշացել էր նախ ծագած համավարակի, ապա պատերազմի պատճառով: Բոլոր դեպքերում կազմակերպիչներն իրենց հատուկ գողտրիկ միջոցառում էին կազմակերպել, որն ուղեկցվում էր նաեւ գրքից հատվածների ընթերցմամբ, երաժշտական գեղեցիկ կատարումներով:

«Հայրական խնձորենին» այս ժողովածուի առաջին քնարական պատումի վերնագիրն է: Հայրական երբեմնի ծաղկուն այգու հատված խնձորենու խոր ընդերք գնացած արմատները վերընձյուղել են նոր շիվեր: Այդ վերընձյուղման խորհրդանշական իմաստն ուներ միջոցառումից ամեն մասնակցի տարած մեկական խնձորը…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի