Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը

181

Փետրվարի 9-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ:

Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների հավաք և պարգևաբաշխություն։ Մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։ 

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը. 

«Դժվարին ժամանակների մեջ ենք, բազում փորձություններ են ծառացած մեր ժողովրդի առջև։ Եվ այս ժամանակներում կարևոր դերակատարություն է վերապահված մեր Եկեղեցուն և մեր եկեղեցականությանը։ Պիտի կարողանանք դժվարին այս իրավիճակից դուրս գալ, եթե քաջությամբ ու արիությամբ իրականացնենք մեր առաքելությունը իբրև Եկեղեցի և իբրև եկեղեցականություն։ Մենք պիտի կարողանանք ճիշտ պատգամներ բերել մեր ժողովրդին, ապահովել ճիշտ առաջնորդություն։ Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, վատը, չարը, անօրենը և քաջալերել, խրախուսել և գնահատանքի ու մեծարանքի արժանացնել բարին, արդարը, ազնիվը, ճշմարիտը, հայրենանվերը, ազգաշենն ու աստվածօրհնյալը։ Միայն այդպես կկարողանանք այս ծանր իրավիճակից դուրս բերել մեր ժողովրդին ու մեր երկիրը։

Թող Աստված Իր օրհնությունը և զորավոր Աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ողջ ժողովրդի վրա՝ հաղթանակով, հույսով և աներկբա հավատով դուրս գալու այս դժվարին ժամանակներից»։