Կինը՝ քաղաքական ա՞յր

137

Դեսպան Գրիգոր Առաքելյանի էջից, –

Հայաստանում քաղաքական գործիչ դառնալը թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար շատ ավելի հեշտ է, քան, ասենք, մեր հարևան Իրանում: Ճիշտ է, Հայաստանի սահմանադրությունը քաղաքական գործչի սահմանումն ու նկարագիրը  չի տալիս, բայց բոլորս էլ գիտենք, որ մեզանում քաղաքական գործիչ դառնալը պայմանավորված չէ  գենդերային առանձնահատկություններով: Մեր խորհրդարանում և խորհրդարանից դուրս  ժողովրդի հոգսերի ծանր  բեռն իրենց վտիտ ուսերի վրա կրող  կին քաղաքական գործիչները  ձեզ վկա:

Իրավիճակն այլ է Իրանում: Պատճառը ո՛չ թե սահմանադրության և կրոնապետության  նախատեսած սահմանափակումներն են, այլ խնդիրը «բառագիտական» է: Բանն այն է, որ  «քաղաքական գործիչ» (رجل سیاسی)   եզրույթը  պարսկերենում արական սեռի բառ է  (հայերեն արական սեռով արտահայտված    «քաղաքական ԱՅՐ»  բառակապակցության օրինակով), հետևաբար  «կին քաղաքական այր»  պատկերացնելը թե՛ մեզ համար է դժվար, և թե՛ մեր հարևանների:

Իրանում անցկացվելիք 13-րդ նախագահական ընտրությունները յոթը սարի հետևում չեն, և  նախագահի թեկնածու դառնալու համար կանայք արդեն սկսել են թակել  սահմանադրությունը մեկնաբանող «այրերի»  դուռը: Եվ մենք 2021 թ. հունիսի 18-ին կրկին սահմանադրությունը և պարսից  լեզվի քերականությունը մեկնաբանող «այրերի» լայնախոհության մասին գաղափար կազմելու հնարավորություն կունենանք: Չէ որ Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը «քաղաքական ԱՅՐ»  լինելն է: