Խաչատուրովի խափանման միջոցի վերացման մասին որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 11-ին

251

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Այս պահին Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց 2018-ին կալանքը փոխարինվեց 5 մլն դրամ գրավով ազատ արձակելուն։

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը, նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ 

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեռ 2018-ի հուլիսի 27-ի որոշման մեջ նշված է, որ ներկայացված նյութերով չի արձանագրվել Խաչատուրովի առնչությունը 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) առաջադրված մեղադրանքին։ Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանում էլ հաստատվել էր, որ գործի հանգամանքներն առանձին անձանց վերաբերյալ այլ են, և Խաչատուրովի` ենթադրյալ կատարած արարքը վտանգավորության աստիճանով նույնական չէ գործով անցնող այլ անձանց հետ»,– նիստին ասաց  Միհրան Պողոսյանը։

Պողոսյանը հիշեցրեց, որ գրավը կիրառվում է մեղադրյալի բացասական պահվածքի զսպման նպատակով, որպեսզի նա չթաքնվի քննությունից։ «Դրա անհրաժեշտությունը չկա։ Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը», – նշեց փաստաբանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշման մասին հայտնի կլինի փետրվարի 11-ին, ժամը 12։00-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։