Թուրքիան պատմական առաջընթաց է ապրում. Էրդողան

148

Գալիք համընդհանուր և նախագահական ընտրությունները՝ նախատեսված 2023 թ., ունեն որոշիչ նշանակություն. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կոչ արել կուսակիցներին՝ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

«Ես իսկապես հավատում եմ, որ մեր ընկերները, որոնք պատասխանատվություն են ստանձնել մեր հաստատություններում, անկեղծորեն կձգտեն դրան։ Մեր կուսակցության 18-ամյա շարունակական կառավարման գաղտնիքն այն է, որ մեր ազգի յուրաքանչյուր անդամ կարող է իրեն տեսնել այս տանիքի տակ: Հուսով եմ, որ այս պայքարը հաղթանակի կբերենք հենց այս օրերին, երբ մեր երկիրը պատմական առաջընթաց է ապրում: 2023-ի ընտրությունները վճռական են դրա համար»,- մեջբերում է նրան Hurriyet-ը:

Էրդողանն ասել է, որ ԱԶԿ-ն պետք է ավելի շատ աշխատի ու ավելի շատ պայքարի՝ մեծ ու հզոր Թուրքիան իր երեխաներին կտակելու համար։ Նա նաև պարզաբանել է, որ մամուլը և սոցցանցերը վայրեր են, որտեղ կա նաև ԱԶԿ քաղաքականությունը, բայց տեղում մշտական աշխատանքը նույնպես շատ կարևոր է:

«Մենք հպարտ ենք, որ բոլոր բնագավառներում նոր դարաշրջան ենք մտել՝ կրթությունից մինչև առողջապահություն, տրանսպորտից մինչև էներգետիկա: Մենք ուրախ ենք բարձրացնել մեր երկրի հեղինակությունը մեր վարած ազնիվ ու վճռական քաղաքականությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Միևնույն ժամանակ, Էրդողանը քննադատել է գլխավոր ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցությանը (CHP) և ասել, որ անցյալում ոչ մի քաղաքական գործիչ «այնքան վատ տեսք չի ունեցել, որքան այսօրվա CHP-ն»:

Բացի այդ՝ երկիրը և կուսակցությունը միանձնյա ղեկավարող Էրդողանը մեղադրել է CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին իր կուսակցությունը «մեկ մարդու կառավարման» շրջանակներում ղեկավարելու և այլախոհների մեկուսացման մեջ: