Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան արտաքսել են 3 ռուս դիվանագետների

136

Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան հայտարարել են մեկական ռուս դիվանագետի վտարելու որոշման մասին: Սա պատասխանն է մի քանի օր առաջ Ռուսաստանի կողմից եվրոպացի երեք դիվանագետների վտարմանը, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, մասնակցել են Ալեքսեյ Նավալնիին սատարելու բողոքի ցույցին:

Բոլոր երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները միաժամանակ հայտարարություններ են տարածել որոշման վերաբերյալ:

Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի խոսքով՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանին ծանուցվել է, որ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկը պետք է լքի Շվեդիան:

Նման որոշում է կայացվել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, որն անարդարացի է որակել իրենց դիվանագետի վտարումը Ռուսաստանից և նշել, որ նա կատարում էր իր պարտականությունները Վիեննայի կոնվենցիային համապատասխան ու օրինական ճանապարհով հետևում Ռուսաստանում իրադարձությունների զարգացմանը:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատակից ռուս դիվանագետը ճանաչվել է որպես պերսոնա նոն գրատա:

Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը շվեդ, լեհ և գերմանացի դիվանագետներին պերսոնա նոն գրատա է հայտարարում Նավալնիի ցույցերին մասնակցություն ունենալու համար։