“Այբ” հիմնադրամը դատախազություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դեմ

138

ԱՅԲ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը իր Էջում գրում է, –

Երեկ “Այբ” հիմնադրամը պաշտոնապես ՀՀ դատախազություն է ներկայացրել հանցագործության մասին ծավալուն հաղորդում՝ Կրթության և Գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։ Նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման, և դրա միջոցով պետությանը և հիմնադրամի շահառուներին հասցրած առավել մեծ չափի վնասների մեջ։

Շատերը հիշում են, թե ինչպես Արայիկ Հարությունյանը, պաշտոնը ստանձնելու տառացիորեն առաջին օրվանից, “խաչակրաց արշավանք” էր սկսել Այբ հիմնադրամի և նրա ղեկավարների դեմ։ Արդյունքում, թեև նրա ներկայացրած բոլոր մեղադրանքները մտածածին և անհիմն դուրս եկան բազմաթիվ ստուգումների արդյունքում, հիմնադրամի հեղինակությանը որոշակի վնաս հասվեց, իսկ նրա կողմից իրականացվող կարևորագույն կրթական ծրագրերը կասեցվեցին՝ փաստացի զրկելով հազարավոր երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից, և փոշիացնելով մինչ այդ հիմնադրամի բարերարների և պետության կողմից ներդրված մեծածավալ միջոցները, և բազմաթիվ նվիրյալ մասնագետների հսկայական աշխատանքը։ Մեր ընտանիքը ևս տուժողների թվում էր՝ թե որպես հիմնադրամի բարերար, և թե որպես նրա բարձրորակ կրթական ծառայություններից օգտվող շահառու։

Դատախազությունը երեկ գործը ընդունել է վարույթ, և հիմնադրամի բազմաթիվ աջակիցները վճռական են տրամադրված՝ այն հասցնելու տրամաբանական ավարտի և վերականգնելու արդարությունը, եթե ոչ այս իշխանությունների օրոք, ապա ապագայում։ Այս գործը պետք է կարևոր նախադեպ դառնա մեր երկրում, որ այսուհետև բարձր պետական պաշտոնը չի կարող դառնալ կամայականությունների հիմք, և յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր խոսքին, գործին, և դրա արդյունքում հասարակությանը տված օգուտին և վնասին։