Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության շուրջ

107

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF) շարունակում է բանակցությունները թուրք գործընկերների հետ «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ. ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։

Հիմնադրամը թուրքական առաջատար դեղագործական արտադրողի հետ համաձայնագիր է կնքել Թուրքիայում «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութ արտադրելու մասին և սկսել է տեխնոլոգիայի փոխանցումը:

Թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթուրք Օրանը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սկսել ռուսական պատվաստանյութի արտադրությունը՝ ինչպես իր սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառելու պատրաստակամության մասին նախապես հայտնել է 20 երկիր՝  Ռուսաստանը, Բելառուսը, Արգենտինան, Բոլիվիան, Սերբիան, Ալժիրը, Պաղեստինը, Վենեսուելան, Պարագվայը, Թուրքմենստանը, Հունգարիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իրանը, Գվինեայի Հանրապետությունը, Թունիսը, Հայաստանը, Մեքսիկան, Նիկարագուան և Լիբանանը: