Ծրագրեր՝ միտված աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը

130

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամն իրականացրել է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման մի շարք ծառայություններ: Դրանք իրականացվել են հետևյալ ուղղություններով՝ կրթական, վերականգնողական, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ծրագրեր, մասնագիտական վերապատրաստումներ, ծնողների մասնագիտական իրազեկում, ինչպես նաև հասարակության մեջ երեխաների ինտեգրման և սոցիալականացման համար անհրաժեշտ ծրագրերի ներդրում՝ կիրառելով գիտականորեն հիմնավորված մեթոդներն ու լավագույն միջազգային փորձը։ Մասնավորապես, ծրագրում ընդգրկված 1-14 տարեկան աուտիզմ համախտանիշ ունեցող շուրջ 127 երեխայի համար իրականացվել է գիտելիքների, կարողությունների, հմտությունների, զարգացման փուլերի, խոչընդոտների և տարածական տեղաշարժման գնահատում VB-mapp գնահատման գործիքով, մշակվել և կազմվել են անհատական ծրագրեր, ծնողների համար կազմակերպվել են շարունակական խորհրդատվություններ:

Այդ ամենից զատ՝ երեխաներին տրամադրվել են հետևյալ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները՝ վարքային, խոսքային թերապիա, էրգոթերապիա, արտթերապիա, երաժշտաթերապիա, ադապտիվ ֆիզիկական կուլտուրա, հոգեբանական աջակցություն: 14 և բարձր տարիքային խմբի 107 շահառուների համար վերոնշյալ թերապիաներին զուգահեռ իրականացվել են նաև զբաղվածության հետևյալ ծրագրերը՝ կավագործություն, գորգագործություն, այգեգործություն, կարուձև, խոհարարություն, համակարգչային ուսուցում, թղթի և մոմի արտադրություն:

2020 թվականին «Աուտիզմ» ազգային հիմնադրամը 100-ից ավելի ծնողների համար իրականացրել է նաև շարունակական խորհրդատվություններ և կազմակերպել 12 տեսական ու գործնական դասընթացներ: Ոլորտում աշխատող ավելի քան 30 մասնագետների համար իրականացվել են տեսագործնական վերապատրաստումներ: 2020 թվականի հոկտեմբեր ամսից ծրագրում ընդգրկվել է նաև Արցախից եկած և աուտիզմ համախտանիշ ունեցող 15 երեխա: 2013 թվականից մինչ օրս ներառական կրթական ծրագիր է իրականացվում Երևանի թիվ 126 հիմնական դպրոցում:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ համախտանիշ և նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների համատեղ ուսուցման կազմակերպմանը և առանձնահատուկ պայմանների ստեղծմանն ու ապահովմանը։ Ռեսուրսային դասասենյակում աշխատանքներն իրականացնում են «Աուտիզմ» ազգային հիմնադրամի մասնագետները։

2020 թվականին այդ դպրոցում սովորող և աուտիզմ համախտանիշ ունեցող 12 երեխա ընդգրկվել է ծրագրում, գնահատվել, վեր են հանվել նրանց կարիքները և ըստ դրանց առաջնահերթությունների՝ կազմվել են անհատական ծրագրեր։