Իրանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Պարսից ծոցի անվանման պատճառով

161

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը Պարսից ծոցի անվանման կապակցությամբ: Այս մասին, ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի, հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

Խաթիբզադեն նշել է, որ գրություն է փոխանցվել Մոսկվայում Իրանի դեսպանատան միջոցով: Նրա խոսքով՝ բողոքը կապված է այն փաստի հետ, որ Twitter-ում Ռուսաստանի ԱԳՆ էջի արաբալեզու տարբերակում գրառումներից մեկում նշված է՝ «Արաբական ծոց»:

Պարսից անունը պատմականորեն վերագրվել է Իրանի լեռնաշխարհը և Արաբական թերակղզին բաժանող ծոցին: Այնուամենայնիվ, 1960-ականներին այս փաստը վիճարկել են արաբական որոշ երկրներ, որոնք սկսել են կիրառել «Արաբական ծոց» կամ պարզապես «Ծոց» տերմինները՝ դժգոհություն առաջացնելով Իրանում:

Մասնավորապես՝ 2012-ի մայիսին Իրանը Google-ին սպառնացել էր դատական գործընթացով՝ կապված այն բանի հետ, որ Google Maps-ում Պարսից ծոց անվանումը բացակայում էր: Ներկայումս ծոցի երկու աանվանումն էլ նշված է ծառայությունում։