Թմբիրի մե՞ջ ենք ապրում. Լիա Իվանյան

106

Սիրելի (և ոչ այնքան սիրելի) ժողովո՛ւրդ, ի՞նչ է կատարվում մեզ հետ․․․ Թացն ու չորը լրիվ խառնվել են մեր երկրում։ Ասես թմբիրի մեջ ենք ապրում։  Դավաճան ու ազգասեր, անմեղ ու մեղավոր, զոհ ու դահիճ փոխվել են տեղերով և շարունակում են հիպնոսացման մեջ պահել ժողովրդի մի մասին։ Թերևս  չորս  տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ հասարակությունը մի տեսակ կողքից  նայողի դերում կլիներ, եթե  մեր երկրում կատարվեին ներկայիս իրադարձությունները։ Իսկ այսօր կատարվում են բռնապետական երկրներին բնորոշ դեպքեր։

Արդեն գաղտնիք չէ, որ  հենց գործող իշխանությունների անկարող, ապաշնորհ, դավաճանական ու թշնամական գործունեության պատճառով պատերազմում զոհվեցին  5000 երիտասարդներ։ Մի տեսակ սովորական դարձած սրտամաշությամբ ենք կարդում կամ լսում 18-20 տարեկան տղայի մահվան հանգամանքները, նայում Եռաբլուրում որդիների շիրիմները ուղտատեղի դարձրած մարդկանց, բայց չգիտես ինչ ընդարմացման մեջ ընկած՝  դեռևս հանդուրժում ենք այս հանցագործության պատճառ դարձած վարչախմբի իշխանությունը։

Անհետ կորած զինվորների ողբերգական թեման աբսուրդի գագաթնակետին հասավ,երբ  օրեր առաջ գերագույն դավադիրը նրանց ծնողներին քրեական պատասխանատվությամբ սպառնաց։ Այսինքն բավական չէ, որ  բարդակի վերածած ռազմադաշտում զինվորներ ես կորցրել, խայտառակ կապիտուլյացիան ստորագրելիս նրանց գտնելու և վերադարձի առաջնահերթությունը չես ապահովել, պատերազմի ավարտից հետո ողջ ուժերդ չես մոբիլիզացրել նրանց գտնելու ուղղությամբ, մի բան էլ մուննաթ ես գալիս, որ ծնողները չեն հաշտվում իրենց երեխաների ճակատագրի անորոշության հետ, և Ձերդ Ոչնչությանը անհանգստացնում են նման հարցերով։ Սա թշնամու արարք է, բայց արի ու տես, որ այդ անձը դեռ «պարոն վարչապետ» է աշխատում։

Նորանոր բացահայտումներ են արվում 44-օրյա պատերազմում ոչ մի պաշտոն չզբաղեցնող «վարչապետուհու»  ապակառուցողական դերակատարության և  ազդեցության մասին հրամանատարական բունկերում, բայց պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նա շրջագայում է աշխարհում։ Մարդու ուղեղում չի տեղավորվում սրա ցինիզմի աստիճանը։  Սակայն, եթե անգամ իրավապահները զլանան իրենց գործն անել, ապա  5000 զոհերի,  հազարավոր հաշմվածերի,անհետ կորածների և ռազմագերիների  հարազատների անեծքները կպատժեն  այդ սատանայական ընտանիքին։ Զավակ կորցրած ծնողի ցավը ժամանակ չի ճանաչում, և կգտնվեն անեծքներն իրականություն դարձնողներ։

 Նոյեմբերի 10-ից հետո աներևակայելի էր թվում  պետության ղեկը զավթած հանցավոր խունտայի ոչ միայն գործունեության շարունակումը, այլև ազատության մեջ մնալը։  Բայց   ամիսներ շարունակ ապրում ենք այդ աներևակայելի իրականության մեջ։ Ավելին, ժողովրդի հանդուրժողականության և  իրավապահ մարմինների անգործության հետևանքով եղած անպատժելիությունից  երես առած այս  իշխանություններն արդեն  այնքան բացահայտ են սպասարկում   ադրբեջանա-թուրքական շահերը, որ մտածում ես՝ օտարն ավելի մեծ թշնամություն չէր կարողանա անել։

 Այս վարչախմբի միակ հոգսը իրենց իշխանությունը ձգելն է, և դրան են ծառայեցվում ամեն բան․․․ ի՞նչ պետական շահ, ի՞նչ հուսահատ ժողովուրդ, ի՞նչ միջազգային հեղինակություն։ Դրանք բոլորը պաշտոնի ու աշխատավարձ-պարգևավճարների անցանկալի ածանցյալներ են, որ  մթագնում են վայելքները։ Հո նրա համար չեն նախարար ու պատգամավոր դարձել, որ պետության համար ցավ ու պատասխանատվություն զգան։ Կարևորն է անել այն, ինչը կապահովի իրենց աթոռին մնալը։

Օրինակ, արտահերթ ընտրություններ ենք անցկացնո՛ւմ․․․ մեկ էլ  Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ «մասնակցելու եմ ու կրելու եմ»։ Ուրեմն չէ՛, չենք անցկացնում։ Իսկ իրականում,  իրենց գահավիժած վարկանիշը շատ լավ գիտեն։  Ինքնալուծարվո՛ւմ ենք․․․ բայց  հետո ով մեզ մարդահաշիվ կդնի քննիչներից բացի։  Չէ՛, ուրեմն չենք ինքնալուծարվում։

 Ինչ ուզում են անեն, ինչ ուզում են պլանավորեն, միևնույն է այս երկու-երեք տարվա բոլոր պաշտոնյանները սև աշխատանքային գրքույկներ են ունենալու ողջ հետագա  կյանքում, հիշվելու են որպես ԱԺ թուրքի գործակալ   խոսնակի կոճակ սեղմողներ։  Իսկ կողմնորոշվել չեն կարողանում, որովհետև վախենում են, որ այսքան քանդել-քայքայելուց  հետո էլ  Հայաստանը թուրքացման ճանապարհին դժվար թե կանգնի։ Իսկ եթե հաղթի ազգի պահպանման բնազդը, և ընտրենք միակ  ճիշտ ու հուսալի դաշնակցին՝ Ռուսաստանին, ապա այսօրվա թրքահաճոների տեղը կամ բանտ կլինի, կամ էլ  իրենց թուրք-ադրբեջանցի-սորոսական գործատուների համապատասխան վայրը։

Մեղավո՞ր են Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացրած և երկիրը կործանման հասցրած  ստահակները․․․ միանշանակ մեղավո՛ր են։ Կարո՞ղ էին իրենց սև գործն իրականցնել առանց   զանգվածների աջակցության․․․ միանշանակ ո՛չ։ Հետևապես նույնքան մեղավոր են նաև այն մարդիկ, ովքեր կռապաշտ զանգվածի մաս կազմեցին՝ կուլ գնալով ընդհանուր հիպնոսին։

 Առավել մեղավոր են դեռևս իրենց սխալը չզգացած մարդիկ։ Սխալվել կարող են բոլորը, բայց Հայրենիքին վնասող  սխալների մեջ անսասան լինելը ոչ թե սովորական զանցանք է, այլ լուրջ հանցանք։ Հետևաբար,  մեր հանրապետության ներկայիս անմխիթար վիճակի համար դավաճան-գործակալների հանցավորությանը մասնակից են նաև առայսօր նրանց սատարողները․․․  ոչ այնքան սիրելի ժողովուրդը։

Լիա Իվանյան