Ընտրություն 2-րդ և 4-րդ տարբերակների միջեւ

119

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը ներքաղաքական իրավիճակի և դրա լուծումների հնարավոր սցենարների մասին, –

Հայաստանը 4 տարբերակ ունի, որից մենք կարող ենք ընտրել երկուսն, այդ երկուսն է մեզանից կախված: Հերթով դիտարկենք:

1-ին տարբերակ՝ ամենատրամաբանականը:

Այս տարբերակն առաջարկել է Վազգեն Մանուկյանը՝ ժամանակավոր կառավարություն, իրավիճակի կայունացում ու մեկ տարուց հետո ընտրություններ: Այս տարբերակ կախված է մեկ մարդու կամքից, որը չի ցանկանում դա կատարել, առաջին հերթին իր, մեղմ ասած, անորոշ ապագայի պատճառով:

2-րդ տարբերակ՝ ուղիղ ժողովրդավարություն: Ժողովուրդը գնում է իր՝ կառավարության դուռ ու այդ դռան հետ անում է, ինչ ուզում է: Այդ մեկ անձը մինչև իր մահկանացուն մնում է վարչապետ, սակայն ամեն ինչ ավարտվում է այդ օրը և անցում ենք կատարում առաջին տարբերակին. նշանակվում է ժամանակավոր կառավարություն ու մեկ տարի հետո ընտրություններ են տեղի ունենում: Միջազգային հանրությունը լրջանում է ու սկսում է հաշվի նստել Հայաստանի ժողովրդի կարծիքի հետ:

3-րդ՝ վատ տարբերակ: Ընտրություն կատարող այդ անձը գնում է արտահերթ ընտրությունների, սակայն այդ ընթացքում մնում է վարչապետ: Ընտրությունների ժամանակ տեղի են ունեն հանրային հուզումներ, ծեծ ու ջարդ, հնարավոր է լինեն վիրավորներ ու զոհվածներ: Երկիրն ավելի է ապակայունանում, որի ընթացքում թշնամին փորձում է լրացուցիչ տարածքային զիջումներ կորզել, սակայն, վերջ ի վերջո, ինչ-որ ընտրություն է կատարվում ու կառավարությունը փոխվում է: Այդ մեկ անձի ճակատագիրը շատ դաժան կերպով է դասավորվում՝ երկարատև հարցաքննություններ և այլն, բայց դա մեզ չի հետաքրքրում, սակայն այդ պատճառով այդ անձը չի ցանկանում նման ընտրություն կատարել:

4-րդ տարբերակ՝ հետույքային: Ժողովուրդը հրաժարվում է ուղիղ ժողովրդավարությունից և այդ մեկ անձը մնում է վարչապետ ու Հայաստանին դաժան ճակատագիր է սպառնում: Տոտալ անորոշության պատճառով, մարդիկ, չտեսնելով որևէ հեռանկար, սկսում են զանգվածային կերպով արտագաղթել, Թուրքիան ու Ադրբեջանը հումանիտար օգնություն են տրամադրում Հայաստանին, տրամադրում են էժան վարկեր, բացում են աշխատեղեր, սակայն դիմացը ստանում են ողջ Հայաստանը: Ռուսաստանը դրանից խուսափելու համար առաջարկում է Հայաստանին, առանց Արցախի, մտնել իր կազմի մեջ: Եկրում սկսվում է փոխադարձ ատելություն, իսկ Հայաստանից գաղթած մարդիկ սկսում են զանգվածային կերպով փոխել ազգանունները, որպեսզի իրենց շրջապատում ծաղրի առարկա չդառնան:

Այս տարբերակների մեջ է մեր ընտրությունը, որից ընդամենը երկուսն է մեզանից կախված: