«Փաշինյանն է Պուտինին խնդրել, որպեսզի սահմանները բացվեն և դժգոհ զանգվածը դուրս գա Հայաստանից». Հրանտ Մելիք – Շահնազարյան

114

«Այն, որ այսպիսի տեմպերով արտագաղթը ազգային աղետ է և, որ այն Հայաստանը ապագայում կանգնեցնելու է դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ, պարզ է մտածող ցանկացած անձի համար: Այլ կերպ ասած՝ արտագաղթը երկրի կործանման բաղադրիչներից մեկն է: Ասեմ ավելին՝ ես ունեմ տեղեկություն, որ Փաշինյանն ինքն է խնդրել Պուտինին, որպեսզի սահմանները ժամանակավորապես բացվեն ու իրենից, իր կառավարությունից դժգոհ մասսաները դուրս գան Հայաստանից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում նոր թափ հավաքող արտագաղթի միտումներին և դրա վտանգավոր հետևանքների։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը, հավանաբար, հույս ունի այսպիսով գլուխն ազատել դժգոհ քաղաքացիներից, և իրեն լիովին նվիրել միայն անխոչընդոտ վերարտադրվելու աշխատանքներին։ «Այս իշխանությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի բնակչությունն արտահոսի դեպի դուրս: Այս արտագաղթի տեմպերն աղետալի արդյունքներ կգրանցեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վայր չի դրել իր լիազորությունները և չի հեռացել՝ տեղ բացելով նոր և ազգանպաստ ուժերի համար, ովքեր համապատասխան միջոցներ ձեռք կառնեն, այդ տեմպերը կասեցնելու համար»,- ասել է քաղաքագետը: