Սպասվում է պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում. կառավարության հերթական կեղծ օրակարգը

141

Գործող կառավարության համատարած ձախողումները, խոսքի ու գործի տրամագծորեն հակառակ պատկերը մեր երկիրն ու ժողովրդին հասցրել են գոյատևման իրական սպառնալիքների առջև: Սպառնալիքներն առկա են հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ներքին և արտաքին անվտանգության օր-օրի ավելացող մարտահրավերներից մինչև տնտեսական խորը ճգնաժամ, սոցիալական բազմապատկվող խնդիրներից մինչև ծայրահեղ աղքատության առաջանցիկ աճ, համատարած չիրականացվող սպասումներից և համատարած անվստահությունից մինչև հանրային կյանքի անորոշությունների անկառավարելի բարձր աստիճան, ժողովրդագրական նոր մարտահրավերներից մինչև արտագաղթի աննախադեպ մեծ ռիսկ ու սպասվող նոր ալիք … Բազմիցս ենք անդրադարձել նշված խնդիրներին ու հիմնապատճառներին: Այս առումով անկյունաքարային են պետական կառավարման համակարգում որդեգրված անսահման պոպուլիզմն ու ծրագրված անպատասխանատվությունը: Ցույց ենք տվել առկա խնդիրների շարունակվող բնույթն ու խնդրահարույց նոր դրսևորումները: Իսկ լուծումների իմիտացիաներին և դրանց վերաբերյալ ականջահաճո խոստումներին հակադրել ենք առարկայական հիմնադրույթներ: Պաշտոնական վերջին կծկտուր տեղեկություններով հիմա էլ պարզ է դառնում. կառավարման համակարգի կառուցվածքի խնդրահարույց փոփոխություններից, բարձրաստիճանների անօրինական և աննախադեպ բնույթի ու չափերի պարգևատրումներից հետո գործող իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել իրենց պոպուլիստական նոր ձևակերպմամբ՝ պետական համակարգի «ռեսթարթին»:

Վարչապետի հայտարարած այս «ռեսթարթն» ինքնին հերթական կեղծ օրակարգն է: Պետությունը համակարգային անկառավարելիության հասցրած հիմնախնդիրները քողարկելու նպատակով փաստացի իրականացվում են ձախողակ բարձրաստիճանների մեխանիկական տեղափոխություններ. անհայտությունից՝ նախարարներ, նախարարից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, մարզպետից՝ պետական կառավարման մարմնի ղեկավար, պատգամավորից՝ դեսպան և այլն: Ի դեպ, երեխաներին դեռևս տարրական դասարաններում սովորեցնում են հատկանշական հետևյալ պարզ կանոնը՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Հաջորդ իրական նպատակը պետական ծառայության ստորին ու միջին օղակներում հաստիքների զանգվածային կրճատումներն են:

Սա պետք է առաջինը սպասել այն գերատեսչություններում, ուր «ռեսթարթի օրակարգով» այցելում է վարչապետը: Տնտեսական վրա հասնող կոլապսը անհնարին է դարձնելու նաև առկա ողջ ծավալով պետական հատվածի աշխատավարձերի վճարումը: Ուստի, դեռևս թաքուն՝ նոր թափ է առնում իրենց պատկերացրած «օպտիմալացումը»: Այսպիսով կազատվեն նաև իրենց քաղաքական խմբակի համար անցանկալի կադրերից, որոնց հետևողականորեն հատկորոշել են՝ հատկապես վերջին շրջանում: Նախ հարկ է նկատել՝ իշխանափոխությունից հետո կառավարության կառուցվածքային անհիմն փոփոխությունները, առանց անհրաժեշտ լուծումների պետական գործառույթները մասնավորին պատվիրակելու փորձարկումները, պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումն ու նորերի ստեղծումը հանգեցրել են պետական համակարգի հաստիքների ու աշխատավարձի ֆոնդի էական ավելացման, այլ ոչ թե՝ կրճատման: Տեսական ու գործնական առումներով վաղուց ապացուցված է՝ անձնակազմի կառավարման օպտիմալացումը միագործոն չէ:

Համակարգային առումով ի սկզբանե ձախողված են անսահման պոպուլիզմով և ընդհանրական տպավորություններով այս խնդիրների հանգուցալուծումները: Օրինակ՝ «համակարգն ուռճացված է, պիտի կրճատվի», «նախարարի աշխատավարձը բավարար չէ լավ ապրելու համար, պիտի ստանա բարձր պարգևատրումներ, որ կաշառք չվերցնի»:

Այս մոտեցումները օբյեկտիվորեն առաջ են բերել համակարգային բնույթի բազմաթիվ չլուծված նոր խնդիրներ: Իսկ իշխանությունը կորցնելու օբյեկտիվ ռիսկերի հետևողական աճին համաչափ՝ վարչապետի կադրային նշանակումները ստանում են խնդրահարույց նոր դրսևորումներ: Արդեն ընտրության միակ գործոններ են սեփական կուսակցությանը պատկանելիությունը, անվերապահ հավատարմությունը իշխող քաղաքական խմբակին, մեկ անձի իշխանության աներկբա ընդունումը, «խնամի-ծանոթ-բարեկամ» կապերը, պոպուլիստական առաջնորդության կարողությունները: Այս գործոնների կողքին անարժեք են դարձել բարձր պաշտոնի նշանակվող անձի մասնագիտական համապատասխանությունը զբաղեցվող պաշտոնին, համակարգային կառավարման ունակությունները, մարդկային որակները, տվյալ ոլորտում դրական փորձառությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության զգացումը: Ամփոփելով. կադրային պետական քաղաքականության կործանարար մոտեցումը ևս բացահայտված է. «Ծառայի՛ր անձիշխանության ընդհանուր կուրսին, հանրությանը խոստացիր հնարավորն ու անհնարինը, ստացի՛ր անաշխատ պարգևատրումներ, անհոգ եղի՛ր՝ գործնականում սեփական ձախողումների համար միշտ էլ կնշանակվեն այլ մեղավորներ, ծայրահեղ դեպքում՝ ռոտացիայով կտեղափոխվես ու կնշակավես առնվազն համարժեք այլ պաշտոնի … »:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ