Մի երկիր, որտեղ չի դատապարտվում վատը եւ չի խրախուսվում լավը՝ ապագա չունի. Վազգեն Մանուկյան

127

Մեր սերունդը ստեղծեց պետություն, կառուցեց հզոր բանակ, մենք ունեցանք հաղթանակ, մենք կարողացանք փրկել եւ ազատագրել ցեղասպանությունից հետո մնացած հայության մի կղզյակ, որը բնակեցված էր հայերով։ Բայց մենք ունեցանք նաեւ կորուստներ։ Այս մասին ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Այն պետությունը, որ կառուցվեց, չէր համապատասխանում մեր երազանքներին, իշխանությունն օտարվեց հասարակությունից, չկար այն արդարությունը, որը մենք ուզում էինք, իշխանությունը վերարտադրվում էր կեղծված ընտրություններով, քաղաքացին իրեն երկրի տեր չէր զգում։ Եվ դրանից օգտվելով՝ որոշակի ուժեր այդ ուղերձը հղեցին մեր երիտասարդությանը, ժողովրդին, ասելով՝ մենք այդ երկիրը կկառուցենք, երկիր, որտեղ մարդիկ կլինեն ազատ, կլինի արդարություն։ Հիմա՝ 2,5 տարի անց, կարող ենք արձանագրել, թե ինչ շահեցինք եւ ինչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Եվ հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել եւ կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք են կամք, հավատք եւ աշխատանք։ Եվ մեր երիտասարդության մեջ այդ որակները կան», ասել է Վազգեն Մանուկյանը։

Ըստ Վ.Մանուկյանի՝ այդ ճանապարհին առաջին քայլը այս իշխանությունների հեռացումն է։

«Առաջին՝ ցանկացած իշխանություն, որն իր երկիրը բերում է կապիտուլյացիայի՝ պետք է հեռանա։ Մի կողմ թողնենք նրանց գործած մեղքերը, այդ մասին շատ ենք խոսել։ Եվ դա դաս պետք է լինի ապագա իշխանություններին։ Մի երկիր, որտեղ չի դատապարտվում վատը եւ չի խրախուսվում լավը՝ ապագա չունի։ Երկրորդ պատճառը՝ այս 2,5 տարվա մեջ մենք ոչ մի ոլորտում առաջընթաց չենք ունեցել, այսինքն մենք ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր։ Ցանկացած բիզնես կառույց կամ հիմնարկություն, եթե ղեկավարը տապալում է գործը, նրանից ազատվում է։ Եվ երրորդը՝ ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, նա մեզ դրանով չի կարող տանել, նա պարտված ղեկավար է», նշել է նա։

Վազգեն Մանուկյանն ասել է, որ պետք է ունենաք ազգային հավակնություններ.

«Առաջինը Արցախն է, մենք այն գրեթե կորցրել ենք, բայց պետք է վերադարձնենք։ Երկրորդը հզոր բանակն է. հարեւանները քեզ պետք է վերաբերվեն հարգանքով, իմանալով, որ չեն կարող քեզ ձեռք տալ, որ դու պաշտպանված ես։  Աշխարհով մեկ սփռված հայությամբ մենք համաշխարհային ազգ ենք… Մեր օրակարգը որն է. 1-ին. ազատվել Նիկոլ Փաշինյանից,  2-րդ. ստեղծել ժամանակավոր կառավարություն, վիճակը կայունացնել, մեկ տարուց կազմակերպել ընտրություններ եւ ձեւավորել նոր իշխանություններ։ Որոշ հիասթափություն կա Հայրենիքի փրկության շարժումից։ Շարժումն ունի պլյուսներ եւ մինուսներ. շարժման ծավալը բերեց նրան, որ Ակադեմիան, Հայ եկեղեցին, տասնյակ ինստիտուտներ եւ այլ կառույցներ պահանջեցին այս կառավարության հրաժարականը, մինուսն այն է, որ 100 հազարավոր քաղաքացիների, որոնք դժգոհ էին այս իշխանությունից, մենք չկարողացանք դուրս բերել փողոց։ Ժողովուրդը մեղք չունի, մարդիկ կոտրված են, հարցը միայն Արցախը չէ, մարդիկ կորցրել են հատավը, որ մենք նորից կունենանք ուժեղ պետություն։ Հավատ չկա՝ չկա էներգիա, չկա հավես։ Այդ կոտրվածությունից պետք է հանել ժողովրդին։ Այդ հավատքի վերականգնումն է պակասում մեր ժողովրդին։ Պետք է խնամքով վերաբերվենք մեր ժողովրդին։ Այդ սոցիալական ցանցերով էլ ինչ հիմարություն ասես, որ չեն գրում, կոտրված մարդիկ էլ սկսում են հավատալ անհավատալի բաների։  Նիկոլ Փաշինյանն առաջարկեց իր օրակարգը. արտահերթ ընտրույթուններ՝ իր իշխանության օրոք։ Բայց դա իր օրակարգն է, մերը չէ։ Տեսեք՝ մենք արդեն ոստիկանապետություն ենք, այս պայմաններում արդար ընտրություն հնարավոր չէ։ Ես արդեն 30 տարի ճանաչում եմ դաշնակցական երիտասարդների, որոնցից շատերն արդեն մեծ են, ես գիտեմ, որ ձեր սրտի մեջ բաբախում է այդ կրակը, առանց որի ոչնչի չենք հասնի», ընդգծել է Վազգեն Մանուկյանը։

News.am