Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին. Ռոբերտ Քոչարյան

131

Լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

 «Պետք է խոսել լուրջ ինտեգրացիայի մասին։ Աշխարհի տարածաշրջանայնացում է տեղի ունենում։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին։ Շատ ավելի խորը, քանի հիմա»,-հայտարարել է Քոչարյանը։
 2-րդ նախագահը լրատվամիջոցի հետ զրույցում  նաեւ կարծիք  է հայտնել, որ պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու էԽոսելով Արցախում պատերազմի մասին, Քոչարյանն ընդգծել է․ Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր, թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։

«Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,-հայտարարել է Քոչարյանը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: