Պետական ամառանոցները պետք է վերածվեն միջազգային ամենաբարձր մակարդակի վերականգնողական կենտրոնի․ Գեղամ Նազարյան

135

«Ճշմարտություն սերունդների համար» կազմակերպության հիմանդիր Գեղամ Նազարյանը կոչով դիմել է հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, արվեստի գործիչներին, բժիշկներին, մեր զոհված եւ վիրավորված, հրաշքով ողջ մնացած 18-20 տարեկան զինվորների ուսուցիչներին, գիտնականներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին․

«Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին

Ունենք առնվազն հինգ հազար զոհ, ունենք տարբեր հաշվարկներով 10 հազարից ավելի վիրավորներ, որոնք երկարատեւ եւ բարձրակարգ բուժօգնության կարիք ունեն:

Ունենք հազարավոր զինվորներ, զինվորականներ, որոնք հոգեբանական երկարատեւ աջակցության կարիք ունեն:

Հայաստանում պատերազմի հետեւանքով ձեւավորվել է նոր սոցիալական շերտ, որն ունի մեր բոլորի՝ պետության երկարատեւ աջակցության կարիքը։

Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին

Մենք ունենք մեկ տասնյակից ավելի շինություններից եւ մի քանի հեկտար անտառապատ տարածքից բաղկացած ամառանոցային համալիր, որն զբաղեցնում է ընդամենը երկու ընտանիք:

Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն եւ դրանց համար նախատեսված շինություններ: Զբաղեցնում է բավական մեծ տարածք, գտնվելով քաղաքի ամենագեղատեսիլ հատվածում: Այս տարածքը լավագույնն է յուրօրինակ բժշկական ավան դառնալու մեր զինվորականների, նրանց ընտանիքի անդամների համար:

Այս հսկայական տարածքում ապրում է ընդամենը 2 ընտանիք։ Մեր տղերքը մեզ բոլորիս պաշտպանում էին թշնամուց, իսկ այդ երկու ընտանիքը ումի՞ց է պաշտպանվում։

Պետական ամառանոցները պետք է վերածվեն միջազգային ամենաբարձր մակարդակի վերականգնողական կենտրոնի: Այնտեղ պետք է ամենաբարձր մակարդակի բուժօգնություն ստանան մեր զինվորները, նրանց ընտանիքի անդամները: Այնտեղ պետք է հոգեբանական լուրջ աջակցություն ստանան զինծառայողները, զոհված զինվորների ծնողները:

Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, արվեստի գործիչներին, բժիշկներին, մեր զոհված եւ վիրավորված, հրաշքով ողջ մնացած 18-20 տարեկան զինվորների ուսուցիչներին, գիտնականներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ այս կոչին՝ հրապարակային սատարելով այս նախաձեռնությանը»:

Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը արցախյան պատերազմում զոհված զինվոր Աբգար Նազարյանի հայրն է։