Հովհ. Հովհաննիսյանի ճառը` Վաղարշ Վաղարշյանի հոբելյանին

345

1974թ. լրանում է դրամատուրգ Վաղարշ Վաղարշյանի ծննդյան 80-ամյակը։
Ստորև բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի ելույթից մի հատված։

«Ես այստեղ ուզում եմ տխուր հառաչանքով մի փոքր շեղվել, հիշեցնելու համար մեզանում տարածված մի ցավալի սովորույթ։ Դա մարդկանց մասին միֆ ստեղծելու, համառորեն այն տարածելու, այդ միֆի շուրջը հավատացյալների բանակը ստվարացնելու սովորույթն է առանձին ընկերների, ընկերական շրջանների կողմից։ Մանավանդ, երբ այդ միֆը ստեղծվում է առանց իրական հիմքերի կամ չափազանցության պայմաններում։

Եթե մի քանի մարդկանց ճարպկորեն հաջողվեց մեկին լուսապսակել, դարձնել ֆետիշ, ուրեմն գնում է այդ ալիքը, մեծանում, և ոչ ոք չի էլ ստուգում, թե որքանով է ճշմարիտ և արդարացի, ինչ փաստերի վրա է հենվում այդ միֆը։

Եվ ընդհակառակը, դարձյալ ինչ-որ հետամնաց, սակավագետ մի միջավայրում մեկ ուրիշի մասին ստեղծվում է միֆի բացասական տարբերակը, և ահա նա էլ է գնում բերնեբերան, դառնում է ալիք, մեծանում, և ոչ ոք էլ չի ստուգում, թե որքանով է ճշմարիտ և արդարացի, ինչ փաստերի վրա է հենվում այդ միֆը։

Եվ դա, այդ միֆը, այդ լեգենդը որոշ ժամանակ, երբեմն նույնիսկ երկարատև, իշխում է, ուժ ունի, կենսունակ է, մանավանդ ամբոխավար, գռեհկամիտ միջավայրում, որտեղ իսպառ խլանում է իրականության ձայնը»։

«Սովետական արվեստ», 1974թ., թիվ 11