«Ինչու»-ներն անհամար են

264

«Ինչու»-ներն անհամար են, «ինչպես»-ներից շատ։ Ինձ տանջում ու կեղեքում է մեկ հարց, որն ակնկալում է և՛ «ինչու»-ի և՛ «ինչպես»-ի պատասխանը միաժամանակ։ Ինչու՞ է անսեռ մեկը, սելավի բերած ինչ-որ էթիլեն, բարձրագոչ հայտարարում իր տեսակետը (նաև իր ցեղատեսակին հատուկ երկոտանիների), աշխարհին հրամցնում նոր, աբսուրդային տխմարության հասնող մի չլսված խոսք, որի համաձայն մեր երկրում նացիոնալիստական հայացքներ չպետք է լինեն, ոչ մի խոսք ռևանշիստական հեռանկարի մասին, ի՞նչ էական է, թե Արցախն ում պատմական հողն է. Պետք է մտածել այնտեղ ապահով ադրբեջանահայկական համակեցության մասին։ Ինչու՞։ Ինչու՞ եք եղծում մեր ամբողջ պայքարի արնոտ ծիրը։ Հիմա՞, երբ դեռ գոլորշի է ելնում մեր հողից։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի ժպտուն մոզի, որին երանության մեջ թվում է, թե մտածել ու կարծիք սերմանել գիտի, ասում է՝ ի՞նչ վատ կլինի, որ մտնենք ադրբեջանական շուկա, առևտուր անենք, գումարներ կծախսվեն, մեր ապրանքը կհանենք հարևան շուկա, կգնանք-կգանք։ Թող ձեր գնալը լինի, գալը չլինի։ Կստեմ, եթե ասեմ, որ սպասելի չէր. Սրա հոտը գալիս էր դեռ հեռավո՜ր այն օրվանից, երբ ԱԺ-ում մի մանչուկ հայտարարում էր լավ թուրքերին չվիրավորելու համար արգելել է պետք մեր ռազմահայրենասիրական երգերը, որոնցում հիշատակվում է մեր արյան թշնամի «թուրքի» անունը։ Այդ ժամանակ չտրվեց «ինչպե՞ս» հարցը՝ մազարմատ այրող ապտակից հետո, և այդ անդեմ լամուկն իր գործն արեց։

Հիշե՛ք այն չարաբաստիկ խնձորի ի հայտ գալու պատրվակը, որի վախից չէր վաճառվում այդ միրգը, և քիչ էր մնում՝ երկաթի պակաս ստանային մարդիկ (չափազանցված)։ Ադրբեջանն ասում է, որ Երևանը Ռիվան խանի շնորքն է, իսկ դուք բարեկամանալու հայտ եք ուղարկում։ Թուրքի՞ն։ Սա ողբ է, էթնիկ ողբ։ Սա դանդաղ ոչնչացման, գլոբալ համաձույլի սկիզբն է, ազդարարող այդ բառաչը, որ ելնում է «լիբերալ» անհայրենիքների երախից ու տանում դեպի կործանում. Թուրքի հետ հանդուրժողաբար բարեկամանալ։ Սա անկարելի է։ Ինչու՞, ինչպե՞ս։

Այս մի պտղունց ազգին, որ առանց այն էլ կիսաժողովրդական է, փոխանակ հեղեղեք ազգային ոգով, սեփականի գիտակցմամբ՝ օտարածին ու վնասատու բարքեր եք հրամցնում։ Եթե հանենք «թուրք» բառը մեր արնոտ երգերի միջից՝ կամաց-կամաց մեր ազգանուններից «յան» հայացնող ամփոփումն էլ կսղվի, կվերանա։