«Ասք» Ռուստամի մասին

455

Ռուստամ Սահակյանի մուտքը Վանաձորի պետական համալսարան՝ որպես ռեկտոր, եթե շռնդալից չէր, ապա գոնե «շռայլալից» էր․ մարդը, արագ կողմնորոշվելով նոր իրականության մեջ (սորոսական «նամյոկներով» կանչվել-բերվել էր Ռուսաստանից), արագ լծվեց սեփական անձի կարևորությունը պետության միջոցներով շռայլ գնահատելու գործին։ Իր ռեկտորության պաշտոնական հռչակումից ընդամենը մեկ օր առաջ՝ 2020 թ․ ապրիլի 1-ին, նա, նախ, արմանք-զարմանք մի պայմանագիր կնքեց այն ժամանակ դեռ ռեկտորի ժ/պ Սուսաննա Թումանյանի հետ՝ իբր մատուցած, սակայն ոչ մի կերպ չապացուցված «ծառայությունների» համար գրպանը դնելով շուրջ 300․000 դրամ։ Ըստ օդում կախված լուրերի (Նիկոլ վարչապետի ականջը կանչի)՝ պայմանագրի «կողմ» տիկնոջը նաև յուրօրինակ բոնուսներ են խոստացվել։ Բայց սա համարենք ներբուհական բամբասանք և անցնենք առաջ։

Հաջորդ քայլով ռեկտոր Ռուստամը, ներքին կանոնակարգային կոպտագույն խախտումներով,  կրկնապատկեց ռոճիկը․ հիմա նրա աշխատավարձը առաջին տեղն է գրավում Լոռու մարզի բոլոր դասի չինովնիկների ցուցակում։ Վախենամ՝ հանրապետական մասշտաբով էլ է «չեմպիոն»։

Բայց էլի անցնենք առաջ, որովհետև այս հոդվածի բուն նյութը ռեկտորի ընչաքաղցությունը չէ, որ այլևս ոչ մի ՎՊՀ-ականի չի զարմացնում, այլ մեկ ուրիշ բան։

Հոգաբարձուների խորհրդի մայիսյան նիստում, երբ Ռուստամն իր տեսլականն էր ներկայացնում համալսարանի ապագայի վերաբերյալ, իսկ դա ավելի շուտ տեսիլք էր, քան տեսլական, նրա բերանով մի անսպասելի հայտարարություն հնչեց, որ պայթեց ռումբի նման և ցնցեց վանաձորյան հանրությանը։ Խորհրդի նիստում նա հայտարարեց, որ բուհի վարչական շենքի ներքնահարկում գաղտնի կառույց  է հայտնաբերել՝ լողավազանով-բանով, դատելով նրա բազմանշանակ կեցվածքից և բառապաշարից՝  համարյա անառակաբույն, ինչը բնականաբար կարող էր կապվել նախկին ռեկտորի անվան հետ։ Բնականաբար եմ ասում, որովհետև ենթադրյալ անառակաբույնը ռեկտորի նստավայրի ներքնահարկում էր, այսինքն՝ նրա «տակ», հետևաբար (ենթատեքստն այդ էր)՝ էլ ինչե՜ր կարող էին լինել նախկին ռեկտորի «տակ»։

Հայտարարության պահին նիստի մասնակիցների թվում էր Լոռու մարզպետ (այժմ՝ նախկին) Անդրեյ Ղուկասյանը, որն արագ որսաց պատեհ առիթը՝ «նախկիններին» մի քրեական գործով էլ պատժելու, և առաջարկեց քրեական գործ հարուցել։ Քրեական գործ հետո թեև չհարուցվեց, սակայն  Ռուստամի համար լուծվեց ամենակարևոր խնդիրը՝ նախորդի համեմատությամբ երևալ ողջ բարոյական անաղարտությամբ․ նա իրեն մատուցեց որպես  բարոյականության էտալոն՝ Վանաձոր բերված ՌԴ անբասիր հեռուներից։

Ահա այս ողջ պատմության մեջ մեզ հետաքրքրում է հենց բարոյական բաղադրիչը։ ՎՊՀ նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանին թեկուզ և անուղղակի, սակայն հրապարակավ անվանարկելուց հետո արդյո՞ք ներկա ռեկտոր Ռուստամ Սահակյանը նույն կերպ, ասել է թե՝ հրապարակավ, ներողություն է խնդրել իր նախկին պաշտոնակցից։ Չէ որ ինքը, կամա թե ակամա, վարկաբեկել է մարդուն՝ առանց դրա իրավունքն ունենալու, վարկաբեկել է մեկին, ով նույն՝ ռեկտորի պաշտոնում աշխատել է 12 տարուց ավելի, բայց՝ ռեկտոր Ռուստամի աշխատավարձից կրկնակի պակաս աշխատավարձով։ Եվ բոլոր այդ տարիների ընթացքում իր ղեկավարած բուհի հետ Գ․ Խաչատրյանը  «ծառայությունների» մատուցման պայմանագիր չի կնքել և այդկերպ փող չի գրպանել։ Որովհետև ծառայություններ կան, որ մատուցվում են զուտ բարոյական հարթության մեջ, մանավանդ սերունդ կրթող հաստատությունում։

 Ունի՞ ռեկտոր Ռ․ Սահակյանը սրա գիտակցումը։

Հազիվ թե։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ