Տարրական դասարանի աշակերտներն այլեւս միավորներով չեն գնահատվի. կրթության նոր չափորոշիչը հաստատվեց

260

Այսօր կառավարության նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը եւ հարցը կապված էր կրթության չափորոշիչների հետ: Նախագծով հաստատվեց նոր չափորոշիչ, որով պահանջ է ներկայացվում դպրոցներին:

«Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն՝ ուսումնական պլանի հիման վրա գործողություններ անելու համար: Պահպանվել է հստակ քաղաքականությունը, կարևոր ճկունության բաղադրություն է անհատական ընտրությունը եւ ավագ դպրոցի ռեֆորմ է իրականացվելու: Կարողանալու ենք անցնել անհատակացման դասացուցակի՝ ըստ աշակերտների հետաքրքրությունների: Քաղաքներում ունենք անհավասար իրավիճակ եւ դա կարող է վերացնել: Դրան կնպաստի նաեւ մոդուլային ուսուցումը», – նշեց նա:

Փոխնախարարը իր խոսքում նշեց, թե տարրական  դասարանների համար առաջարկվում է հրաժարվել միավորային համակարգից եւ այլ ձեւով խրախուսել աշակերտներին:

Մասնավորապես,1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում:  Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:7-12-րդ դասարանում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

  1. Միավորային գնահատումը կիրառվում է սկսած հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն  են`

1) Հայոց լեզու և գրականություն

2) Հայրենագիտություն

3) Օտար լեզուներ

4) ԲՏՃՄ

5) Արվեստ և արհեստ

6) Հասարակություն, հասարակական գիտություններ

7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝

  • պետական բաղադրիչ
  • դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին և նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։

Հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում.

ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ մեկ ինտեգրված առարկայով և առանձին բնագիտական առարկաներով:

բ. Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով:

գ. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-6-րդ դասարաններում ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով:

դ. Տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12 դասարաններում կարող է ներկայացվել մեկ ինտեգրված առարկայով:

  • «ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկակական կրթություն և անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն և նրա շրջակա աշխարհը ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով:
  • «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է, 3-12-րդ դասարաններում՝ բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն ևս մեկ օտար լեզվով: Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով։ 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն և գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:
  • «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով:
  • «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:
  • «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը և հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով:
  • «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին և ինտեգրված առարկաներով:
  • «Ֆիզիկակական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով:
  • Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառվում են պետական ավարտական քննական, սովորողի կողմից ընտրված առարկաները և «Ֆիզիկակական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ուսումնական առարկաները: