Վրաստանը կսկսի մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը

140

Վրացական Tamm Managment ընկերությունը «Կոմերսանտ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ մոտ ապագայում ընկերությունը, որը գործում է Թբիլիսիի ավիացիոն գործարանի հիման վրա, կսկսի ԱԹՍ-ներ արտադրել: Վրացական անօդաչու սարքերն արդեն ստացել է T-31 ինդեքսը:

Tamm Management-ի փոխտնօրեն Միխայիլ Ռոգավան «Կոմերսանտ»-ին ներկայացրել է T-31-ի որոշ առանձնահատկություններ. ԱԹՍ-ն կկարողանա 350 կգ ընդհանուր քաշով հրթիռներ ու ռումբեր կրել: Անխափան թռիչքի տևողությունը հետախուզական տարբերակում, վառելիքի լրացուցիչ բաքերի առկայության պարագայում, կտևի 72 ժամ, իսկ մարտական հանդերձանքով՝ 24 ժամ: Բարձրությունը մինչև 6 հազար մետր է:

Ռոգավան նշել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում կանադական C&C-ի, հարավաֆրիկյան Paramaunt-ի, իտալական Leonardo-ի և բարձրորակ անօդաչու թռչող սարքերի այլ արտադրողների հետ:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իր երկրի պաշտպանության նախարարությունը «պատրաստվում է իր ուժերը փորձել ռազմական անօդաչու մեքենաների արտադրության համար՝ օգտագործելով ներքին ռազմարդյունաբերական համալիրի ռեսուրսներն ու հնարավորությունները»: «Աշխարհում ընդամենը 20 երկիր է արտադրում մարտական անօդաչու թռչող սարքեր»,- հիշեցրել է նախարարը և հպարտությամբ ավելացրել. «Վրաստանը կմտնի այս հեղինակավոր ակումբ: Մենք ունենք համապատասխան ներուժ»:  Ըստ նրա՝  «հանցագործություն» կլիներ չիրականացնել Վրաստանի ռազմարդյունաբերական համալիրում աշխատող «հիանալի մասնագետների» գիտելիքները, տաղանդն ու փորձը երկրի շահերի համար: