Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը 3.2 մլն եվրո կուղղվի

145

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։

2021-2022 թթ․-ների համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական

Համագործակցության շրջանակներում:

Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝

Ձեռք է բերվել վարչական շենք Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի համար

«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ

«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում

«Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում

«Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար

Հիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, Խուստոփ և Սոսու պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում

Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով)

Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապան անտառտնտեսությանը տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա

ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո համայնքային խնդիրների լուծման համար

ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև

Մեղրիի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար

Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար՝ կազմակերպելու աղբահանության համակարգ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար

Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել

«Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք․մ․, ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)։