Մեր թշնամին բորենու արժեքային համակարգ ունի. մեկ անգամ ձայնդ բարձրացրու, արժանապատվություն ցուցաբերիր, անմիջապես դադարեցնելու է վայրահաչությունը

112

«Ես հասկանում եմ Հայաստանի այն քաղաքական գործիչներին, այդ թվում՝ վարչապետին, որոնք հրապարակային խոսքում կամ բանակցությունների ժամանակ մի կողմ են թողնում ազգային ու պետական արժանապատվությունը՝ կուլ տալով Ադրբեջանի կողմից նվաստացումներ, շողոքորթում են թշնամուն, խոստանում թույլ չտալ Հայաստանում ռևանշիստական գաղափարների աճ»,- գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Նա վերլուծել է իշխանությունների գործելաոճն ու քաղաքականությունը.

Հասկանում եմ, որ այդկերպ ՀՀ իշխանությունը փորձում է կայունություն ապահովել իր աթոռի համար՝ դա ներկայացնելով որպես ինքնազոհաբերություն հանուն հայ գերիների։

Հասկանում եմ, բայց չեմ ընդունում։ Ինչո՞ւ։

Ադրբեջանը և Թուրքիան այնպիսի երկրներ են, որոնք հարձակվում են այնքան ժամանակ, քանի դեռ դու նահանջում ես։ Ինչքան նրանք նվաստացնեն ՀՀ իշխանությանը և չստանան համարժեք պատասխան, այնքան երկար շարունակելու են պատանդ պահել հայ գերիներին և շարունակելու են նվաստացումները։

Մեր թշնամին բորենու արժեքային համակարգ ունի։ Մեկ անգամ ձայնդ բարձրացրու, արժանապատվություն ցուցաբերիր, անմիջապես դադարեցնելու է վայրահաչությունը։ Վախենում եք, թե մեր գերիների նկատմամբ դաժան կլինե՞ն։ Ոչ մի դեպքում։ Դաժան են հիմա, երբ տեսնում են ՀՀ-ի կողմից 0 պետական մտածողություն։

Թույլի ու վախկոտի հետ չեն բանակցում, այլ միայն ծաղրում են, չեն վստահում։

Վստահության առումով․ ադրբեջանական իշխանությունը գիտի՞, որ ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը իրեն խաբել է՝ վստահեցնելով, թե Հայաստանում պետական մակարդակով չկա ռևանշիզմ։ Փետրվարի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարել է, թե մենք հետ ենք բերելու մեր հողերը, ավելին՝ բավական ծաղրել է ադրբեջանցիներին։ Գիտե՞ն այդ մասին պատգամավորի ադրբեջանցի գործընկերները, թե՞ Բեղլոյանը լրագրողներին դա պատմելիս խնդրել է թաքուն պահել։