Հանրապետության պետական չափորոշիչների նախագծի մասին

125

Դեռևս 2020 թ. օգոստոսի 8-ին գրել եմ հատուկ կարծիք Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մասին: Այսօր նշյալ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալի ելույթից հետո հրապարակում եմ գրածս կարծիքից մի հատված. «Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հրապարակումից հետո ՀՀ-ում ծավալվել են հանրային քննարկումներ ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ: Քննարկումներն ավելի թեժացան, երբ օրեր անց հրապարակվեցին հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը: ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության պատասխանատուների ելույթներում հաճախ այս գործընթացն անվանվում է «կրթության ռեֆորմ», մինչդեռ նախընտրելի կլիներ «հանրակրթության ռեֆորմ» ձևակերպումը, քանի որ այս գործընթացը վերաբերում է միայն հանրակրթությանը: Այդուհանդերձ, այս դեպքում ևս առաջանում է հարց. եթե տեղի է ունենում հանրակրթության ռեֆորմ (այսինքն՝ վերափոխում), ո՞ւր է ռեֆորմի հայեցակարգը, այսինքն՝ ի՞նչ սկզբունքներով է իրականացվում գործընթացը, ո՞ւր են գրավոր հայեցակարգային հիմնավորումները, չէ՞ որ բանավոր բացատրությունները նման պատասխանատու գործընթացի համար չեն կարող հիմք լինել: Այն հիմնավորումը, թե ավելի քան մեկ տասնամյակ առաջ նույնպես չի եղել նման փաստաթուղթ, չի կարող դիմանալ քննությանը, քանի որ նախորդ սխալները չի կարելի կրկնել:

Հանրակրթության պետական չափորոշիչը փոխելուց առաջ անհրաժեշտ էր համալիր հետազոտությամբ դուրս բերել գործող չափորոշչի խոցելի կողմերը, գնահատել նրա արդյունավետությունը գործնականում, առնվազն կատարել SWOT վերլուծություն, ինչպես նաև իրականացնել հանրակրթական կարիքների համընդհանուր գնահատման գործընթաց: Նման հետազոտությունների մասին որևէ հրապարակում չի եղել ԿԳՄՍՆ պատասխանատուների կողմից: Եթե դա չի արվում, անգամ ամենահրաշալի նախագծի դեպքում հարցականի տակ է հայտնվում առհասարակ ամբողջ գործընթացը:

Ստորև ներկայացնում ենք մեր որոշ դիտարկումները նշյալ նախագծերի շուրջ.

1. Հանրակրթության պետական չափորոշչի նախագծին կցված չէ հայեցակարգային որևէ հիմնավորում, թե ինչու է V-VI դասարաններում որոշվել անցնել հայրենագիտական առարկաների ինտեգրված ուսուցման: V դասարանում ներկայումս անցնում են «Հայրենագիտություն» և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկաները, որոնք առաջարկվում է փոխարինել «Ես և իմ հայրենիքը» նոր առարկայով, որտեղ, ըստ պատասխանատուների հավաստիացումների, պետք է ինտեգրվեին նախորդ երկուսը: Այս առարկայի ներմուծման հայեցակարգային հիմնավորումը չի ներկայացվել նաև առարկայի չափորոշչի և ծրագրի նախագծում: Նույն՝ առանց հայեցակարգային հիմնավորման մոտեցումը ներդրվել է նաև VI դասարանում, բայց, հակառակ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի այն դրույթի, որ ինտեգրվելու են հայրենագիտական առարկաները, այստեղ միմյանց են զուգակցվել «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն» և հայրենագիտության հետ կապ չունեցող «Համաշխարհային պատմություն» առարկաները: Ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ այլևս VI դասարանում պետք չէ առանձին «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» անցնել, հայեցակարգային հիմնավորում կցված չէ: Բացի այդ՝ ինտեգրումը հատկապես «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի գործող ծրագրի համեմատությամբ արհեստական է:

2. «Հայոց պատմության» և «Համաշխարհային պատմության» դասընթացների պահպանումը VII-IX դասարաններում (4 տարվա փոխարեն 3 տարի) ակնհայտորեն ցույց է տալիս, որ կիրառվել է պատմության պարբերացման եռափուլ բաժանման սկզբունքը (հին աշխարհ, միջին դարեր, արդի ժամանակաշրջան), թեպետ նախագծի հեղինակային խումբը նման հիմնավորում երբևէ չի ներկայացրել: Նման բաժանումը հանրակրթության պետական չափորոշչի նախագծից է բխում, հետևաբար պատմության չափորոշչային խմբի մտահղացումը չէ: Այդ բաժանումը հիմնված է արևմտյան պատմագիտության սկզբունքների վրա, սակայն որքանո՞վ է արդարացված դրա կիրառումը ՀՀ-ում, եթե հայոց պատմության պարբերացման շուրջ պատմաբանների գումարած համաժողովները այդպես էլ չեն հանգել նման եզրահանգման և «Հայոց պատմության» ակադեմիական նոր հրատարակությունում պահպանել են քառափուլ բաժանման մոդելը (հնագույն և հին շրջան, միջին դարեր, նոր դարեր, նորագույն ժամանակաշրջան):

3. VII-IX դասարաններում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչի և ծրագրի նախագիծ այդպես էլ չի ներկայացվել, թեպետ հանրակրթության պետական չափորոշչի նախագծով նման հնարավորություն թողնվում էր: Առարկայական նախագիծ կազմելու համար մասնագետների ընտրության մրցույթի վերաբերյալ հայտարարություն տեղադրվել է 2019 թ. սեպտեմբերին ԾԻԳ-ի կայքում, սակայն այժմ նախագիծ չկազմելը թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք հանրակրթությունը համակարգողների կողմից առարկան հանելու քաղաքական որոշման հետ: Բանն այն է, որ «Հայոց Եկեղեցու պատմության»՝ V-IX դասարանների գործող ծրագրի 170 ժամ ծրագրից ինտեգրվել են «Հայոց պատմության» ծրագրին 14 ժամ ընդգրկող թեմաներ (եկեղեցական տոների մի մասը, մի քանի նահատակ սրբերի վարքը և այլն)»:

Պաշտոնյայի այսօրվա զեկույց-ելույթը ցույց է տալիս, որ քաղաքական որոշումը հայեցակարգային մոտեցումից առաջնային է համարվում, իսկ նվաստ միամիտս կարծիքիս վերջում գրել էի հետևյալը. «Վերը նշված դիտարկումները չունեն քաղաքական երանգավորում, ուղղված չեն նախագծերը մշակած պատմաբան գործընկերների և ԿԳՄՍՆ վերափոխումների քաղաքականության դեմ, նպատակ ունեն պարզապես հստակեցնելու դրանից բխող գործողությունների ընթացակարգը, բովանդակությունը և տրամաբանությունը»:

Միքայել Մալխասյան

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու