Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան շարժման օրը. Իշխան Սաղաթելյան

137

Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխության հարցեր այս պահին չկան: Հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացել է վեց լիդերների ֆորմատով հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առաջիկա անելիքները.

Հայրենիքի փրկության շարժումը տարբեր ֆորմատներով մշտական հանդիպումներ է ունենում, սա այդ հանդիպումներից մեկն էր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին.
«Նախապես որոշել էինք փետրվարի 18-ին, բայց հիմա որոշել ենք հանրահավաքը կազմակերպել փետրվարի 20-ին, քանի որ այդ օրը խորհրդանշական է, Արցախյան շարժման սկսման օրն է »,-ասաց քաղաքական գործիչը :

Հարցին՝ հնարավոր է արդյոք շարժումը դիտարկվի վարչապետի այլ թեկնածություն՝ Սաղաթելյանն ասաց՝ այդպիսի հարց հանդիպմանը չի քննարկվել.

«Ձևաչափի, օրակարգի կամ թեկնածուի փոփոխության հարցեր այս պահին չկան: Այն օրակարգը, որը հայտարարել ենք, ուժի մեջ է, Հայրենիքի փրկության շարժման թեկնածուն չի փոխվել, շարժումը շարունակում է իր գործունեությունը՝ օր առաջ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

Աղբյուր` Փաստինֆո