«Ժողովուրդ». Դերասան քաղաքապետը խնդիրներ ունի. իշխանությունը բացահայտել է Հայկ Մարությանի ծրագրերը

194

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի եւ իշխանական վերնախավի հարաբերությունները գնալով լարվում են։ Փետրվարի 9-ին Երեւանի ավագանին գումարելու է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն էր նախատեսված նախորդ որոշումներից մեկում՝ կառուցվածքային փոփոխությունների մասով:

Սակայն հետաքրքիր է, որ այդ նախագծերն արդեն բացասական եզրակացություն են ստացել հենց ավագանու գլխադասային՝ ֆինանսական հարցերով հանձնաժողովում, որում մեծամասնությունը հենց իշխող իմքայլականներն են։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ օրը հանձնաժողովի նիստում ավագանու անդամները մերժել են այդ նախագծերը եւ բացասական եզրակացություն տվել։ Իսկ ի՞նչ էր ենթադրում այդ փոփոխությունը. մեր տեղեկություններով՝ բացասական եզրակացություն ստացավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից բերված նախագիծը, որով պետք է կառուցվածքային փոփոխություններ լինեին եւ նոր հաստիքներ ավելանային։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը վարչական շրջանների ղեկավարների միջոցով եւ նոր համախոհներ է փնտրում, սակայն, կարծես թե, նրա այս մտադրությունները բացահայտել է իշխանությունը եւ սկսել է դերասան քաղաքապետի համար խնդիրներ առաջացնել հենց իր աշխատավայրում՝ քաղաքապետարանում։

Նրա եւ ավագանու իմքայլական անդամների հարաբերությունները եւս լարվել են»: