Բայդենի շրջապատը խոստովանում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները գրեթե սպառված են. NYT

124

Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները գրեթե սպառված են, դա հասկանում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր օգնականները: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է փետրվարի 3-ին The New York Times-ում:

Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկյան նոր վարչակազմն ավելի վաղ քննադատել էր այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում և Մյանմայում («Նավալնիի» ցույցեր և ռազմական հեղաշրջում Մյանմայում): Երկու դեպքում էլ Բայդենը հասկացրել է, որ Վաշինգտոնը կպատասխանի պատժամիջոցներով՝ սիրված և շատ կիրառվող գործիքով:

Ըստ Բայդենի օգնականներից մեկի՝ իր գործընկերները խոստովանել են, որ ԱՄՆ-ը «մեծապես սպառել է պատժամիջոցների ռեսուրսը» Ռուսաստանի նկատմամբ: Պարբերականը չի նշում այդ օգնականի անունը:

Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ Բայդենի համար դժվար կլինի կատարել պատժամիջոցներ կիրառելու՝ իր խոստումը, քանի որ տարիների ընթացքում դրանք կուտակել են «հոգնածություն», որն ուժեղացել է Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին: Ավելին՝ ամերիկյան ազդեցությունը թուլացել է:

Վաշինգտոնը բազմիցս սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի նկատմամբ, բայց չի կարողացել հասնել իր ուզածին: Օրինակ՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դալդերը հայտարարել է ԱՄՆ-ի համար «ծուղակի» մասին, որը պատժամիջոցները համարում էր «ցանկացած խնդրի պարզ պատասխան»:

Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ին պատժամիջոցների համար հատուկ պատճառներ պետք չեն, «միշտ կգտնեն և կհորինեն դրանք»: