Տերյանի օգնությամբ

434

Ռաֆայել Իշխանյանը հաճախ է անդրադարձել պոետիՎահան Տերյանի ստեղծագործություններին, արժեքավոր ուսումնասիրություններ թողել («Տերյանն ինչպես որ կա», «Մեր ինքնության գլխավոր նշանը»): Ռաֆայել Իշխանյանին շնորհակալ ենք նաև Տերյանին վերաբերող մի քանի կարևոր հուշեր գրի առնելու համար, որոնցից մեկը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «1976 թվականի աշունն էր, քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարը կնոջ տիկին Մանիկի հետ այցելության էր եկել Նվարդ Տերյանին: Զրույցից և հյուրասիրությունից հետո, երբ հյուրերը վեր կացան, ցտեսություն ասացին և արդեն դուրս էին գալիս, Քոչարը դարձավ Նվարդին, թե -Գիտե՞ս, հայրդ ինձ մեծ լավություն է արել: Ես որ հիմա քանդակագործ եմ ու նկարիչ, շատ բանով հորդ եմ պարտական: Նվարդ Տերյանը զարմացավ ու հարցական նայեց: Քոչարը հենց ոտքի վրա պատմեց, թե ինչպես է ինքը 1918 թվականի ամռանը Հյուսիսային Կովկասում հանդիպել Տերյանին: -Հայրդ հատուկ լիազորությամբ էր եկել հայ գաղթականների գործով: Նաև շնորհալի հայ երիտասարդներ էր հավաքագրում Մոսկվա ուսման ուղարկելու համար: Ես էլ նրա ընտրությանն արժանացա: Շատ ուրախացա: Նախքան այդ, սովորում էի Թիֆլիսի նկարչության ու քանդակագործության դպրոցում, նկարիչ Եղիշե Թադևոսյանի մոտ, բայց խառը ժամանակների պատճառով ուսումս շարունակել չկարողացա: Տերյանն ինձ մի պատրաստի պաշտոնական անցաթուղթ տվեց (մանդատ), որը ես պետք է ներկայացնեի Մոսկվայում ուսման տեղավորվելու համար: Նաև զգուշացրեց, որ այդ թուղթը անպայման շորի մեջ դնեմ ու կարեմ շապիկիս ներսից, քանի որ դենիկինյան բանակը գրավել է Մոսկվա տանող ճանապարհների մեծ մասը, և ես կարող եմ նրանց ձեռքն ընկնել: Ասաց, որ ինձ կխուզարկեն, և եթե այդ թուղթը գտնեն, կգնդակահարեն: Այդպես էլ արեցի. թուղթը շորի մեջ շապիկս ներսից կարեցի ու ճամփա ընկա: Ճիշտ հորդ ասածի նման եղավ. դենիկինցիները ինձ բռնեցին ու խուզարկեցին: Թուղթը չգտան ու ազատեցին, և ես բարեհաջող Մոսկվա հասա:
Այդ թղթով ընդունվեցի Մոսկվայի ազատ արվեստների պետական արվեստանոցը, որը բարձրագույն ուսումնարան էր և սովորեցի հայտնի գեղանկարիչ ու մանկավարժ, այժմ ակադեմիկոս Պյոտր Կոնչալովսկու մոտ: Դա իմ կյանքում մեծ դեր խաղաց» :

Ռաֆայել Իշխանյանի այս հուշը ընթերցողը կարող է գտնել Գևորգ Էմին- Տերյանի «Վահան Տերյան. Անտիպ և անհայտ էջեր» մենագրության մեջ. Երևան, 2014 թ., էջ` 572-573: