Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող համախմբել ժողովրդին, Հայաստանում ու Արցախում պետք է ճիշտ համակարգ ձևավորվի. Սեյրան Օհանյան. Tert.am

132

Ես կարծում եմ, որ հոգեբանական այս դժվարին իրավիճակից դուրս գալու պայմանը մեր միասնականությունն է, որի հիմնական գաղափարն այն է, որ մեզ փոփոխություններ են պետք: Այս մասին Գյումրիում մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպմանը ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարծում էինք՝ եկել են ուժեր, որոնք, հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և այն թերությունները, որոնք կան, կկառուցեն մեր զարգացումը, մեր առաջընթացը: «Իշխանության եկան մարդիկ, որոնք հուսադրող էին բավականին 2018 թվականին, մենք, համենայն դեպս, այդպես էինք կարծում ու հրապարակում էինք, այնինչ հետագա հետևությունների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այդ մարդկանց թվացել է, թե միայն պաշտոններ զբաղեցնելն է կարևոր,  մնացած գործը հենց այնպես՝ հալած յուղի նման անցնելու է, ու գնալու ենք առաջ»,- ասաց նա և ընդգծեց՝ այնինչ հաջողությունների համար մեր պայմաններում զօր ու գիշեր աշխատել է պետք, և միայն դրա արդյունքում կարող էինք ունենալ հաջողություններ:

Ըստ Օհանյանի՝ որպեսզի արդյունք ցույց տան իշխանությունները, փորձեցին համեմատություններ անել հնի ու նորի, դրանով իսկ նաև հնի ու նորի համեմատության մեջ բավականին բացասական գործունեություն ունեցան հին արժեքների ոտնահարման ոչնչացման ուղղությամբ:

«Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին, նման ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության մեջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել», – ասաց նա։

Օհանյանը նշեց՝ միանշանակ է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձևավորումն է։