Հայաստանը պատրաստ է ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութ

175

Հայաստանը ակտիվ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութ գնելու շուրջ: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ համար շատ կարևոր է սերտ համագործակցությունը ռուսական կողմի հետ, կանոնավոր տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը: Այսօր մեր մասնագետները ակտիվորեն բանակցում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու շուրջ: Այս համատեքստում ես կցանկանայի նշել, որ Առողջապահության նախարարությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում, և մենք պատրաստ ենք ռուսական պատվաստանյութը գնել նաև այս նախաձեռնության շրջանակներում», – Ավանեսյանին է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին համաճարակի դեմ պայքարում պարբերաբար օգնություն ցուցաբերելու համար: