Ինչպիսի ժողովուրդ պետությունը կրթել է, այնպիսին էլ ստացել է․ Նարեկ Գալստյան

168

Իսկ ինչու՞ ենք զարմանում այն փաստի վրա, որ մեր ժողովրդի մի ստվար հատված թքած ունի Արցախի կորստի վրա։ Ինչու՞ ենք զարմանում, նրանք կույր ատելություն ունեն մեր երեսուն տարվա պատմության նկատմամբ՝ տեսնելով միայն ու միայն ու բացառապես վատը։ Ինչպիսի ժողովուրդ պետությունը կրթել է, այնպիսին էլ ստացել է։ Մենք մեր ունեցածն ենք գետնովը տվել, ցեխը մտցրել, քաղաքական այսրոպեական պայքարի համար դեմոնիզացրել մարդկանց։ Ինսունականներին մարդիկ հավատում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը էլեկտրաէներգիան տվել է հողին, որ չբաժանի իր ժողովրդին։ Ոչ թե, ասենք, վաճառել է, այլ հողին տվել։

Ու էս անասուն միֆը կերակրվում էր հենց պետական բարձրագույն քաղաքական շրջանակների կողմից։ Ու մարդկանց մի ստվար հատված առաջին նախագահին ատում էր միայն դրա համար։ 2000-ականներին մեր ժողովրդի մի ստվար հատված հավատաց, թե իբր Տիգրան Սարգսյանը «ծախել է» Հայաստանի ոսկիները, որոնք դրված էին ԿԲ-ի պադվալում։ Հետո ինչքան էլ ասացին, որ ոսկու պաշար ՀՀ-ում չի եղել, եղել է ոսկու հաշիվ Շվեյցարիայում, գումարն էլ մտել է ՀՀ բյուջե, մեկ է՝ լսող չեղավ։ Ավելի ուշ էլ սարքեցին, թե ապրիլյան պատերազմի սկզբին Յուրի Խաչատուրովը բիլիարդ էր խաղում, ու կրկին եղան տասնյակ ու հարյուր հազարավոր հավատացողներ։ Սաշիկի հիսուն-հիսունն էլ՝ ձեզ ղուրբան։

Ու էս ամենը սնվում էր լրատվամիջոցներով՝ ուղղորդվում կոնկրետ քաղաքական շրջանակների կողմից, միֆից վերածվում իրականության։ Պետական ամենաբարձր թողտվությամբ ժողովուրդը սկսեց ատել սեփական երկիրը, որովհետև, այո՛, մենակ սեփական երկիրն ատելով կարելի է հավատալ, որ երկրի նախագահը հոսանքը հողին է տալիս, որ ժողովուրդը սառի… Սրա արդյունքում կոտրվեցին բոլոր հնարավոր խորհրդանիշները, տաբուները, որոնց վրա է հենվում պետությունը։

Հիմա էլ վայելում ենք այս դժոխային իրականությունը։ Հա, ավելացնեմ, որ դեռ երկար ենք վայելելու՝ դմփդմփհու իշխանությունը գնա կամ մնա։