Երկու հակառեկորդՙ ֆինանսների արտահոսք Հայաստանից եւ բյուջեի թերհավաքում

182

Հայաստանում տնտեսական անկումը խորանում է, առաջին անհրաժեշտության ապրանքները շարունակում են թանկանալ, ազգային արժույթըՙ դրամը արժեզրկվում: Այդ ամենին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում: Դրան զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որոնք փաստում են տնտեսության այս վիճակի եւ առկա տագնապների մասին: Դրանցից մեկը Հայաստանից գումարների արտահոսքն է: Հիշեցնենք, որ օտարերկրյա ներդրումները անցած տարվա երրորդ եռամսյակում բացասական ցուցանիշ էին կազմելՙ այսինքն 12,9 մլն դոլար դուրս էր եկել Հայաստանից: Եվ ահա նաեւ Հայաստանի բնակիչների մասնավոր փոխանցումներն են դեպի արտերկիր սկսել գերակշռել արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումներին:

Հայաստանից գումարներ սկսել է հանել նաեւ բնակչությունը

Մասնավորապես, ըստ Կենտրոնական բանկի, անցած տարվա նոյեմբերին Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է արձանագրվելՙ ավելի շատ գումար մասնավոր փոխանցումների տեսքով դուրս է եկել Հայաստանիցՙ 167 մլն դոլար, քան մուտք գործելՙ 152 մլն դոլար: Այսինքն, արձանագրվել է բացասական զուտ ներհոսքըՙ 15 մլն դոլար: Ի՞նչ է սա նշանակում: Սա վկայում է այն մասին, որ մարդիկ Հայաստանում ներկայի եւ ապագայի հանդեպ հավատ չունեն եւ իրենց գումարները փոխանցում են արտերկիրՙ իրենց հարազատների կամ իրենց անունով բացված բանկային հաշիվներին: Տրամաբանությունը հուշում է, որ սրան հաջորդելու է իրենց արտագաղթը երկրից, երբ սահմանները բացվեն եւ նման հնարավորություն լինի:

Զուգահեռաբար, ինչպես արդեն նշվեց, շարունակվում է դրամի արժեզրկումը: Այս գործընթացը փոքր-ինչ դանդաղել է, քանի որ Կենտրոնական բանկը շուկայում մեծ ծավալի արտարժույթ է վաճառել: Դրա հետեւանքով աղետալիորեն նվազել են մեր միջազգային պահուստները: Տարեսկզբի համեմատ մեր միջազգային պահուստները նվազել են շուրջ 400 մլն դոլարով: Այսինքն, այդ չափով արտարժույթ ԿԲ շուկա է մտցրել, որպեսզի կանխի դրամի արժեզրկումը:

Այսպես. անցած տարվա սկզբին, 2020 թ.-ի հունվարի 31-ի դրությամբ մեր միջազգային պահուստները 2 մլրդ 671 մլն դոլար էին: Որոշակի փոփոխություններով այս ցուցանիշը պահպանվում էր մինչեւ օգոստոս ամիսը: Սեպտեմբերից սկսվեցին շուկայում արտարժույթային խոշոր ներարկումները, ինչի հետեւանքով նոյեմբերի 30-ի դրությամբ մեր միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 277 մլն դոլար: Տեսնենք, թե այդ ընթացքում, սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը, ինչպես է փոխվել դրամի փոխարժեքը:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ մեկ դոլարի նկատմամբ միջին փոխարժեքը, ըստ ԿԲ-ի, կազմել է 488 դրամ, նոյեմբերի 30-ինՙ 506 դրամ: Այսինքն, չնայած 400 մլն դոլարի ներարկման եւ փոշիացման, այդ ընթացքում դրամը շարունակել է արժեզրկվել: Կարելի է ենթադրել միայն, թե դրամի ի՞նչ կտրուկ արժեզրկում կլիներ, եթե չլիներ ԿԲ-ի նման մեծածավալ միջամտությունը: Այդուհանդերձ, եթե տնտեսությունը շարունակի ներկայիս անկումը, ապա արտարժույթի ներարկումները եւ մեր միջազգային պահուստների նման տեմպերով մաշեցնելը վիճակը չի փրկի:

Հարկային եկամուտները նվազել են 79 մլրդ դրամով

Միաժամանակ, պետական բյուջեի հարկային եկամուտներն են կտրուկ նվազում: 2020թ.-ին պետբյուջեի հարկային եկամուտների խայտառակ թերհավաքում է տեղի ունեցել:

Ըստ ՊԵԿ պաշտոնական տվյալների,անցած տարվա ընթացքում հավաքվել է 1,385 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որն 2019-ի համեմատ նվազել է 5,4 տոկոսով: Գումարային առումով, 2019թ.-ին հավաքված 1,464 մլրդ դրամի համեմատ 2020-ին հավաքված հարկային եկամուտները նվազել են 79 մլրդ դրամով: Սակայն, պատկերացնելու համար հարկերի հավաքման անմխիթար վիճակը, ներկայացնենք, թե ի՞նչ ցուցանիշ է նախատեսված եղել եւ որքա՞նն է հավաքվել:

Պետական բյուջեի հարկային եկամուտները նախատեսված են եղել 1,602 մլրդ դրամ, բայց տարվա ընթացքում կառավարությունը երկու անգամ նվազեցրեց պետբյուջեի հարկային եկամուտների չափը, հասցնելով 1,320 մլրդ դրամի: Ինչպես արդեն նշեցինք, փաստացի հավաքվել է 1,385 մլրդ դրամ, որը 55 մլրդ դրամով ավելի է նվազեցված 1,320 մլրդ դրամից եւ 217 մլրդ դրամով պակաս սկզբնական 1,602 մլրդ դրամից: Այսինքն, տարվա ընթացքում երկու անգամ իջեցվելուց հետո, սահմանվում է 282 մլրդ դրամով ցածր նիշ, որը 55 մլրդ դրամով ավելի հավաքելը ՊԵԿ ներկայացուցիչները անվանում են գերակատարում: Ընդ որում, հիշեցնենք, որ այդ 55 մլրդ դրամից 53 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված գումարն է: Այսինքն, եթե այդ գումարը կառավարությունը չվերցներ, անգամ իջեցված ցուցանիշով եկամուտները դժվարությամբ կհավաքվեին:

Փաստենք Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման հետեւանքներից մեկըՙ Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին պետական բյուջեի եկամուտները նախորդող տարվա համեմատ պակաս են հավաքվել միայն մեկ անգամՙ 2009 թ.-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում: Երկրորդ անգամ դա եղավ 2020 թ.-ին, այն էլ բյուջեի եկամուտները երկու անգամ նվազեցնելուց հետո: Այնհայտ է, որ բոլոր այն ճգնաժամային երեւույթները, որ տեղի են ունենում մեր երկրում, կշարունակվեն եւ կխորանան, քանի որ ներկայիս իշխանությունը անկարող է իրավիճակ փոխել եւ իր գործողություններուվ միայն վատթարացնում է կացությունը: