Երբ սատանան սարսափելի չէ

181
ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայացումն ու զարգացումը երկրի առաջնահերթությունների գլխավոր խնդիրներից կարեւորագույնը դիտարկելն այսօրվա հայաստանյան միջավայրում որեւէ առարկության չի հանդիպում: Թերեւս նպատակը տեղին ու հիմնավոր կարելի է դիտարկել, եթե այն առաջարկողներն ինչ-որ ձեւով ակնարկեն այն գործնականում իրականացնելու ձեռնարկումների մասին, որը յուրաքանչյուր ծրագրի արդյունավետության հիմնական նախապայմաններից է: Այնպես որ, այն պարագայում, երբ ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահը մեր վիճակի իր կոշտ գնահատականով խոսում է կեղտոտ որակվող ռումբի ստեղծման անհնարինությունից, բացարձակապես անհասկանալի է հանրահայտ արձակագիր Լ.Ջ.-ի ՀՀ-ում ատոմային զենքի ստեղծման անհրաժեշտության մասին բարձրաձայնումը: Եղբայր, վստահ եմ գիտես, որ Հնդկաստանն ու Պակիստանն ունեն այդ ռումբը, իրար հետ տասնամյակներ շարունակ առճակատման մեջ են, զոհերն էլ անվերջ, եւ ի՞նչ… Այնպես որ վստահ եմ միանշանակ է, որ ցանկությունների եւ հնարավորությունների գործելադաշտը ցավալիորեն դուրս է ՀՀ մերօրյա տնտեսության հնարավորությունիցՙ գիտական գերհզոր լաբորատորիաներ, գերճշգրիտ արտադրական հզորություններ, նաեւՙ փորձադաշտ: Սրանք պարզունակ սիրողական մակարդակով ներկայացվող չափորոշիչներ են, որոնք ոլորտի մասնագետների տարակուսանքը կարող են առաջացնել:

Ահա այդ վիճակում չհայտնվելու նպատակով հարկավոր է այլ միջոցների փնտրտուքի տրվել, որոնցից գլխավորը թերեւս միանշանակ ՀՀ տնտեսության մեջ ցանկալի գործընթացների արմատավորումն է, տնտեսության առաջնահերթ ոլորտներում արդյունավետ գործելու ունակությունն ու կարողությունը: Թե ինչպես են այս ժամանակահատվածն անցել ու խնդիրները լուծել կամ ձախողել, երկիր մոլորակի չորս կողմերում բազմաթիվ օրինակներ կան, որոնք էլ հարկավոր է ուսումնասիրել, վերլուծել ու արմատավորել: Այս ընթացքում պատճառաբանությունների արահետում հայտնվել պետք չէ, քանզի դրանք շատ հաճախ ընդհանուր են ամենուր, անկախ դրանցում ընդգրկվածների ազգային, կրոնական թե ռասսայական առանձնահատկություններից: Ասենք, ինչի հասան Կուբան շուրջ 60 տարի կառավարած Կաստրո եղբայրները իրենց հռչակած համաշխարհային իմպերիալիզմի դեմ սանձազերծած անհաշտ պայքարի արդյունքում:

Օրերս ՌԴ հեռուստահաղորդումներից մեկից տեղեկացա, որ Կուբայում ամիսը 30 դոլար աշխատավարձը բավականին բարձր ցուցանիշ է: Համոզված եմ, մեր նպատակը հաստատ սա չէ, այլՙ ասենք մեր երբեմնի բախտակից 1,3 մլն բնակչությամբ Էստոնիայի պես մի երկրի ստեղծումը, որը… լուրջ առճակատման մեջ է հարեւան գերտերություն Ռուսաստանի հետ: Անշուշտ դժվար է պատկերացնել նման հակամարտությունը, բայց դա մեր օրերի իրողություն է, որի պայմաններում ապրում է բնակչության 25 տոկոսը ռուսներից բաղկացած այդ երկիրը:

Ի՞նչ ենք անում մենք մեր առճակատման պայմաններում: Չգիտես որտեղից վերցրել եւ ինքներս մեզ սարսափեցնում ենք, թե մեր ոխերիմ թշնամին 90 մլն բնակչությամբ պետություն է, ընդամենը զլանալով նկատել, որ առկա 80 մլն-ի մինչեւ 25 տոկոսը քրդերն ու այլազգիներն են: Վերջիններս թուրքերի ոխերիմ հակառակորդներն են, ովքեր այսօր էլ զինված հակամարտության մեջ են կենտրոնական իշխանության հետ: Այնպես որ իմ թշնամու թշնամին իմ դաշնակիցն է դարերով ստուգված արաբական գնահատականը դեռ որեւէ մեկը չի հերքել: Բայց դրա համար մեզ որոշակի կարողունակություն ունեցող տնտեսություն է պետք, այսօրվա ավերակվածի տեղում նորովի վերականգնվող համակարգ, որպիսի օրինակներ համաշխարհային տնտեսությունը տալիս է բազմիցս:

Դրանցից մեկը հանրություններին միավորող առաջնահերթ անհրաժեշտ բարերար միջավայրի ապահովումն է, այստեղ էլՙ մարդկանց սննդակարգը, կենդանական ծագման սննդի բավարար քանակների, որակների ու մատչելիության ապահովումը: Այս առումով ծանոթացեք արդեն հիշատակված Կուբայի ու Էստոնիայի այս առումով վիճակագրությանը եւ կհամոզվեք առաջինում խնդիրների, երկրորդումՙ հաջողությունների պատմությանը: Կուբայի վերաբերյալ վիճակագրությունը հաստատում է, որ 1960-ականներին երկրի մոտ 7 մլն բնակչության հաշվով 6,5 մլն խոշոր եղջերավոր էր պահվում, որը մեր օրերի 11 մլն բնակչության պարագայում իջել է 4 մլն-ի, իր տխուր հետեւանքներով:

Պատկերն այլ է Էստոնիայում, ուր կենդանական ծագման սննդահումքի տեղական արտադրության ծավալները 1 բնակչի հաշվով մոտ են միջին եվրոպական ցուցանիշներին. երկրի բյուջեն կազմում է 10 մլրդ դոլար: Առաջին հայացքից գերտերության հետ առճակատման պայմաններում 600-700 մլն դոլար ռազմական ծախսերն աննշան են թվում, իսկ ահա 1 զինվորականի հաշվով տարեկան 100 հազար դոլար գումարը հասու չէ պատերազմող շատ երկրների: ՀՀ 13 մլրդ դոլար ՀՆԱ-ի եւ 3 մլրդ դոլար բյուջեի պայմաններում մեր կողմից համանման ծախսերի իրականացումն անհնարին է, եւ բնականաբար առաջանում է նոր կարգի տնտեսություն ունենալու անհրաժեշտություն: Ողջունելի է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որ պատասխանատու է նաեւ տնտեսության գյուղատնտեսական ոլորտի համար, օրերս նշեց ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության խնդիրը, խոսեց թռչնամսի ծավալները 120 մլն դոլարի հասցնելու անհրաժեշտությունից, որը հիմա թերեւս 30 մլն էլ չի կազմում: Ինչպե՞ս է ոլորտի արտադրանքը քառապատկվելու, ձվի գները կայունանալու, ոչ մի խոսք: Ինչո՞ւ են մեզանում փոքր ու միջին բիզնեսները փակվում, ներդրումները նվազում, ներկրումներն ահագնանում. ոչ հարցնող կա, ոչ պատասխանող: Պարզ է, չէ՞, չունես տնտեսություն, չունեսՙ շարժ, քեզնով հետաքրքրվող չկա, առավել եւսՙ շահերդ պաշտպանող, ինչպիսին է, ասենք, ազերիների համար «Բրիթիշ պետրոլիումը»:

Գնահատականը միանշանակ չհամարելով հանդերձ, որի պատճառը նաեւ խնդիրը լրագրային էջի սահմաններում քննարկելու սահմանափակ հնարավորությունն է, սույն մտորումներն ամփոփենք հարցով. կուբայակա՞ն, թե՞ էստոնական կարգի տնտեսություն է մեզ անհրաժեշտ մեզ բաժին հասած ընդամենը տարածաշրջանային պետության դերակատարում ստանալ փորձող Թուրքիայի հետ հարաբերվելու համար, մրցակցելու իր արտահանման շուկաներում, Հայաստան բերելու նրա համար նախատեսված ներդրումները, կանխելու գիտա-տեխնիկական ոլորտներում, թուրքական ընկերությունների հետ համագործակցությունը, ֆինանսական միջոցների ներհոսքը… Վստահ եմ, մենք հնարավորություններ եւ ուժեր ունենք համանման միջոցներով հարաբերվելու հարավ-արեւմտյան հարեւանի հետ, որը յուրօրինակ ձեւով կպարտադրի հաշվի նստել հայկական գործոնի հետ: Ընդամենը գործել է պետք, որի պարագայում պարզվում է, որ սատանան բոլորովին էլ սարսափելի չէ, ինչպես թվում է: