Եթե ՀՀ ղեկավարը կարողացել է իր համաձայնությունը տալ և տարածքները հանձնել, ինչո՞ւ չպետք է հիմա նույնն անի. Վահրամ Բալայանը՝ ՊԲ-ն կազմալուծելու լուրերի մասին

188

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փետրվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը և Վաղարշակ Հարությունյանն իրենց համաձայնությունը տվել են, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծվի։

«Իմ խորին համոզմամբ՝ եթե բանակի բարձրաստիճան սպայակազմը մի քիչ բարոյականություն ունենար, կձերբակալեր դավաճանին՝ փրկելով երկիրը ներքին թշնամուց, իսկ արժանապատվություն ունեցողները հրաժարական կտային ու ինքնասպան կլինեին, որովհետև, կրկնում եմ, 5000 զոհի արյունը նաև նրանց խղճին է, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ բարոյականներ կային, ոչ էլ՝ արժանապատվություն ունեցողներ։

Այս ցանկն ապագայում վերանայվելու է, որպեսզի ոչ մի անարժան գեներալական ուսադիր չկրի և ոչ մի արժանավոր չգնահատված չլինի:

Հ.Գ. Որպեսզի վաղը կրկին «չզարմանաք», ասեմ՝ Նիկոլն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Թե դրա անունը ֆորմալ առումով կլինի արցախյան միլիցիա, թե արցախյան գվարդիայի կամ ոստիկանական ներքին զորքեր, կարևոր չի, խնդիրն այն է, որ Արցախից մնացած մասն իր անվտանգությունն ապահովելու ինքնուրույն հնարավորություն այլևս չի ունենա։ Չի լինի այլևս Արցախի բանակ, և դրա միակ պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, որն իր «միսիան» հասցնում է ավարտին»,- նշել էր Միքայել Մինասյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միքայել Մինասյանի նույնաբովանդակ գրառումները որքան էլ իշխանությունները հերքում են, այդուհանդերձ դրանք հետո հաստատվում են, փորձեցինք Արցախի նախագահի խոսնակից ճշտել, թե այդ ամենը որքանո՞վ է ճիշտ, սակայն մեր զանգերին Վահրամ Պողոսյանը չպատասխանեց։

168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանն ասաց, որ այդ տեղեկատվությունը ստացել է համացանցում շրջանառվող լուրերից։

«Թե որքանով է այդ ամենն իրականությանը համապատասխանում՝ վստահ չեմ կարող ասել»,- նշեց Վահրամ Բալայանը։

Հարցին՝ ՀՀ իշխանությունը իրավասո՞ւ է նման որոշում կայացնել, այն էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է Արցախի անվտանգության երաշխավորը, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Եթե ՀՀ ղեկավարը կարողացել է իր համաձայնությունը տալ և տարածքները հանձնել, ինչո՞ւ չպետք է հիմա նույնն անի»։

Հաջորդ հարցին՝ այդուհանդերձ, եթե նման որոշում կա, արդյոք Արցախը թույլ կտա՞ կազմալուծելու իր բանակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ ամենն անընդունելի է, որովհետև չունենալ սեփական զինված ուժեր՝ նշանակում է՝ ձեռքերն անզեն վեր բարձրացնել բոլորի առջև։

«Այս ամենը բոլոր առումներով անընդունելի է, այսինքն՝ ով կարող է վստահ անվտանգության երաշխիքներ տալ սովորական քաղաքացուն, որ այս հողում ապրի, երեխաներին դաստիարակի։ Կարծում եմ՝ այս հարցի շուրջ պետք է շարունակեն խոսել, բանակցել։ Եթե խոսում ենք երկարատև խաղաղության մասին, ապա այդ բանակի գոյությունն է այդ երկարատև խաղաղության պահպանության միջոցներից մեկը։ Բանակը միաժամանակ որոշակի հակակշիռ է ստեղծում, որպեսզի խաղաղությունը երկարատև լինի»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի փետրվարի 1-ի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, Վահրամ Բալայանը նշեց, որ այդ հայտարարությունն անընդունելի է, բայց ինչ-որ տեղ՝ նաև սպասելի։

«Ուղղակի պետք է դիմակայել և նման բան թույլ չտալ, որովհետև հասկանալի է Թուրքիայի մասնակցությունը և նրա դիրքորոշումն Արցախի հարցում։ Բնականաբար, Թուրքիան չի կարող անկողմնակալ լինել, որովհետև մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում նա ոչ միայն հայտարություններով էր ապացուցում, որ Արցախի հարցում պաշտպանում է Ադրբեջանին, այլև իր մասնակցությունը բերեց պատերազմին՝ դառնալով հազարավոր զոհերի, նյութական ու մարդկային կորուստների պատճառ»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։