Դուք չկարողացաք ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար. ԱԺ փոխնախագահը՝ ընդդիմությանը

114

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանն ԱԺ ամբիոնից ելույթներով հեռակա բանավիճեցին:

Նախ ԲՀԿ-ից Արման Աբովյանն իր ելույթով արձագանքեց «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանի՝ ավելի վաղ ԱԺ ամբիոնից արած արտահայտությանը, թե ամեն ինչ վերջացել է:

Աբովյանը ասաց, թե վատ լուր ունի իշխանության համար. չի վերջացել և չի վերջանալու, մինչև ժողովուրդն իր մեջքը չուղղի:«Հետո, ես չեմ հասկանում, թե ինչի՞ց է այդ եզրակացությունը, որ վերջացավ: Ի՞նչն է ձեզ թույլ տալիս՝ փայփայելու այդ հույսը, թե վերջացավ»,-ասաց պատգամավորն ու հարց ուղղեց՝ Արցախի 75 տոկո՞սն է վերադարձվել:

Ալեն Սիմոնյանն իր ելույթով արձագանքեց. «Ասեմ ձեզ, թե ինչն է վերջացել: Վերջացել է այն, որ դուք չկարողացաք ձևավորել առաջարկ՝ ՀՀ քաղաքացու համար, որքան էլ մենք վատը լինենք, սխալված լինենք, այնուամենայնիվ, մարդիկ կարծում են, որ այն ուժերը, որոնք այսօր առաջարկ են ներկայացնում Հրապարակում, մեզնից վատն են: Այնպես որ, երբ որ մեր մասին վատ բաներ եք ասում, մտածեք, պատկերացրեք՝ ձեր առաջարկն ինչքան վատն է, որ այդքան ասելուց հետո, այնուամենայնիվ, չի ստացվում քաղաքացու համար առաջարկ ներկայացնել»:

Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունը քաղաքացիների հետ ազնիվ է եղել, քաղաքացիներն են իրենց ընտրել: ԱԺ փոխնախագահն ընդունեց, որ շատ-շատերը իշխանության շատ սխալների պատճառով, միգուցե, հիասթափված են: «Մենք նրանց հետ կխոսենք, նրանք մեզ կդատեն, կբերեն այս սրահ կամ չեն բերի: Բայց դուք այդ հարաբերությունների հետ, ինչպես անցյալում կապ չեք ունեցել, ապագայում էլ կապ չեք ունենալու»,-նշեց նա:

Սիմոնյանն ավելի վաղ դիմելով ընդդիմադիր իր գործընկերներին, մասնավորապես ԲՀԿից Նաիրա Զոհրաբյանին ու Արման Աբովյանին, հորդորել էր ավելի զուսպ լինել իրենց ելույթներում: «Այն 2-3 ամիսը, որում դուք այստեղ ձեզ թույլ էիք տալիս, թե տեղից բղավել, թե նկատողություններ անել, ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչոր բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք, որ վերջացավ»,-ասել էր Սիմոնյանը:

Armenpress