Արմատներով արցախցի դաշնակահարն առաջին անգամ ելույթ կունենա ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

157

 Արմատներով արցախցի բելգիաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը փետրվաի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մինչ այդ, Աշոտ Խաչատուրյանն ընկերների հետ փետրվարի 2-ին հանդես կգա կամերային բարեգործական համերգով, որի հասույթով Ստեփանակերտի ռմբակոծված երաժշտական դպրոցի համար ձեռք կբերվի ռոյալ:

Աշոտ  Խաչատուրյանը Ս. Ռախմանինովի (2006) եւ Մարթա Արգերիխի անվան մրցույթների (2007) առաջին, ինչպես նաեւ Top of the World (2011) եւ Concours d’Epinal (2013) մրցույթների մրցանակակիր է: Ելույթ է ունեցել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային, Նորվեգիայի ռադիոյի, Eighteenth Century, Բազելի սիմֆոնիկ, Վալոնի թագավորական կամերային նվագախմբերի հետ՝ անվանի դիրիժորներ Յան Կեյերսի, Ռոդոլֆո Ֆիշերի, Ավգուստին Դումայի, Դանիելե Գատիի, Թոմաս Զոնդեգարդի, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի եւ այլոց ղեկավարությամբ:

2018 թ. հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս: