Անվանի համալսարանականներըՙ մեկ գրքում

161

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Անցած տարի Երեւանում հրատարակված տարաբնույթ գրքերի մեջ ուշադրությունս առանձնահատուկ գրավեց «Երեւանի պետական համալսարանի անվանի գիտնականներն ու ականավոր դեմքերը» («Yerevan State University Notable Scholars and Prominent Figures») աշխատությունըՙ պարունակությամբ Մայր բուհի կազմավորման ակունքներում կանգնած 50 հայ մտավորականների կենսագրությունների: Նույնիսկ տողերիս հեղինակի համար, որ սովորել ու ավարտել է Alma Mater-ը եւ տասնամյակներ շարունակ աշխատում է կրթական այս հաստատությունում, դարձյալ սպասում էին հաճելի անակնկալներ ու բացահայտումներ:

Մեկն, օրինակ, վերաբերում էր Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին Հովսեփյանին, որն ինչպես պարզվում էՙ եղել է Ալեքսանդրապոլում 1919-ին բացված Հայաստանի պետական համալսարանի կազմկոմիտեի անդամներից: Նա այնուհետեւ այդտեղ դասավանդել է «Եկեղեցու պատմություն», «Հայ արվեստի պատմություն», «Գրչարվեստ» եւ «Հնագրագիտություն» առարկաները:

Ներկայացվող գիրքը, որը կազմել է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը, բացվում է ԱՄՆ Քննեքթիքեթ նահանգի Թրամպլ քաղաքի Սբ. Համբարձում Հայաստանյայց եկեղեցվո հոգեւոր հովիվ Ընձակ ավագ քհն. Նալպանտեանի եւ Թեքսաս նահանգի Հյուսթոնի Սբ. Գեւորգ Հայաստանյայց եկեղեցվո հոգեւոր հովիվ Մարտիրոս քհն. Հակոբյանի ողջույնի խոսքով, որտեղ նրանք իրենց խոնարհումն են հայտնում այն հայորդիներին, ովքեր «խոպան միտքերը մշակեցին սերունդներու եւ համալսարանին անունը բարձրացուցին»:

Պարզվում է, երբ Տէր Ընձակն իր դստերՙ Անիի հետ 2018-ին այցելել է Երեւանի պետհամալսարան եւ տեսել բուհի ճեմասրահում զետեղված անվանի դասախոսների կիսանդրիները, այնժամ մտադրվել է մի գրքույկ հրատարակել հակիրճ կենսագրականներով, որպեսզի «աղջկաս նման արտաշխարհի մէջ ծնած երիտասարդներն ու, ինչու չէ, նաեւ օտարները կարենան ծանօթանալ Համալսարանին ու անոր հիմնադիրներուն»:

Ստանձնելով նման նախաձեռնության հովանավորությունըՙ նրանք այն կյանքի են կոչել աջակցությամբ Հայ օգնության ֆոնդի աշխատակիցների: Արդյունքում այսօր ընթերցողի սեղանին է դրվել երկլեզու (հայերեն ու անգլերեն) ամփոփ մի աշխատություն, որը նշյալ կենսագրություններն ուղեկցում է նաեւ Երեւանի պետհամալսարանի կայացման ու զարգացման պատմական համառոտ ակնարկով: Այդտեղ մասնավորապես կարդում ենք. «1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունեց օրենք Հայաստանում համալսարան բացելու մասին, որով նախատեսված էր համալսարանը բացել 1919-20 ճեմարանական տարում, եւ առաջին հերթին պետք է բացվեր պատմալեզվաբանական բաժինը»:

Հիմնականում պայմանավորված Երեւանում շենքային համապատասխան պայմանների բացակայությամբ, որոշում է ընդունվում համալսարանը բացել Ալեքսանդրապոլում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում 1920թ. հունվարի 31-ին տեղի առեւտրային դպրոցի շենքումՙ ներկայությամբ ՀՀ այն օրերի ղեկավարության եւ մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների:

Չնայած պատկառելի տարիքինՙ նորաստեղծ բուհի առաջին ռեկտոր է առաջադրվում մասնագիտությամբ իրավաբան Յուրի Ղամբարյանը: Վերջինս, ինչպես քննվող գրքից ենք տեղեկանում, եղել է իրավագիտության մեջ ռուսական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիրը: Թե՛ նա եւ թե՛ նրա ժամանակակից, ինչպես նաեւ հաջորդած մեծանուն համալսարանականները, իրոք ունեցել են համաեվրոպական ճանաչում: Նախնական կրթությունը Հայաստանում, նաեւ Արցախում ու Ջավախքում ստանալուց հետո նրանցից շատերն այն շարունակել են Եվրոպայի նշանավոր համալսարաններումՙ տեղի լավագույն փորձն ու մեթոդները ներբերելով հայրենի երկիր եւ դրանք ներդնելով մեր կրթական համակարգում:

Առանձնացնենք, օրինակ, համալսարանում առաջինը «Հայ ժողովրդի հին եւ միջնադարյան պատմություն» դասավանդած ակադեմիկոս Հակոբ Մանանդյանին, որն իր ծննդավայր Ախալցխայում սովորելուց հետո տեղափոխվել է Թիֆլիս, ապա բարձրագույն կրթություն ստացել Ենայի, Լայպցիգի ու Ստրասբուրգի, հետո էլՙ Սանկտ-Պետերբուրգի համալսարաններում:

Այսօր, երբ այժմեական են դարձել Շուշիի պատկանելության շուրջ խոսակցությունները եւ դրաՙ հայ մշակութային մայրաքաղաքներից մեկը լինելու իրական հանգամանքը, այս աշխատությունը փաստում է, որ հայոց այդ անառիկ բերդաքաղաքում են ծնվել պատմաբաններ Լեոն (Առաքել Բաբախանյան) ու Աշոտ Հովհաննիսյանը, կենսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանը: Այդտեղ են ուսանել Գարեգին Լեւոնյանն ու Արսեն Տերտերյանը, իսկ ուսուցչությամբ զբաղվել Նիկոլ Աղբալյանը, Մանուկ Աբեղյանն ու Հրաչյա Աճառյանը: Երեւանի պետական համալսարանը այսօր եւս համաքայլ է ընթանում գիտակրթական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ եւ հաջողությամբ շարունակում է իր առաքելությունըՙ մշտապես հենված անցյալի իր խորը ավանդույթների վրա: Ուստի կարելի է մտածել նաեւ այս գեղեցիկ նախաձեռնության շարունակականության մասինՙ ի մի հավաքելով ու հանրությանը ներկայացնելով հիմնադիր երախտավորներին հաջորդած սերնդի դասախոս-մանկավարժների ուսանելի կենսագրականները: