Ստամբուլում 7 բալից ուժեղ երկրաշարժ է սպասվում

135

Անոմալիաները ճեղքվածի գծին, որի վրա գտնվում է Ստամբուլը, վկայում են մոտ 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին, որը կարող է ազդել Բույուքչեքմեջե, Քումբուրգազ, Սիլիվրի քաղաքի տարածքների վրա. նշել է թուրք հայտնի երկրաբան Նասի Գյորյուրը:

Գյորյուրը Twitter-ում գրել է, որ ուսումնասիրել է է Քանդիլի աստղադիտարանի և Երկրաշարժի հետազոտությունների ինստիտուտի վերջին գնահատականը, որը նախազգուշացնում է Թուրքիայի ամենաբազմամարդ քաղաքում հնարավոր աղետի մասին:

«Տարածքը ձգվում է Սիլիվրիի ափերից մինչև Բույուքչեքմեջե, կարող է ապագայում հնարավոր երկրաշարժերի «թեկնածու» լինել»,- նշել են աստղադիտարանից:

16 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի ճեղքվածքային գծին մոտ, ինչը, ըստ փորձագետների, կարող է առաջացնել  7 բալ և ավելի ցնցումներ։

«Ես հայտարարում եմ, որ սպասվող երկրաշարժը տեղի կունենա այս տարածքում` առնվազն 7,2 բալ ուժգնությամբ: Քանդիլիի այսօրվա հայտարարությունները ճիշտ են, և դրանց պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է գիտնականը:

Ստամբուլի պլանավորման գործակալությունը՝ IPA-ն, գնահատել է, որ 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժից լրջորեն կվնասվի առնվազն 48,000 շենք, ևս 194,000-ը միջին վնասներ կունենա: Նման երկրաշարժից անմիջապես հետո քաղաքը կարող է կորցնել 120 միլիարդ լիրա (14,2 միլիարդ դոլար), իսկ մարդկային կորուստները հսկայական կլինեն. ասում է IPA-ն։