Հայրենիքի փրկության շարժման գործունեության դադարեցման մասին խոսակցությունները չափազանցություն են. Սաղաթելյան. Փաստինֆո

90

Հայրենիքի փրկության շարժման գործունեության դադարեցման մասին խոսակցությունները չափազանցություն են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ այսօր կայանալու է վեց լիդերների ֆորմատով հանդիպում, որին մասնակցելու են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Մանուկյանը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո հնարավոր է հայտարարվի Հայրենիքի փրկության շարժման գործունեության ավարտի մասին:
Տեղեկությունը «Փաստինֆո»-ն փորձեց ճշտել շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից։

«Հայրենիքի փրկության շարժման ղեկավարությունը ամեն օր հանդիպումներ է ունենում, հատուկ ինտրիգ փնտրել պետք չէ: Շարժման խորհրդի անդամները պարբերաբար հանդիպում են և շարունակելու են հանդիպել, սա նորմալ գործընթաց է: Մշտապես տարբեր ֆորմատներով հանդիպումներ են լինում»,-ասաց Սաղաթելյանը:

Հարցին՝ հնարավոր է շարժումն այլևս դադարեցնի իր գործունեությունը, Սաղաթելյանն ասաց.

«Հայրենիքի փրկության շարժման գործունեության դադարեցման, մարման և ընդհանրապես մահվան մասին խոսակցությունները չափազանցություն են»: