Հայաստանը 750 մլն դոլարի եվրոբոնդեր է թողարկել. ԿԲ նախագահը հաստատեց

122

Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր: Այս մասին տեղեկությունը այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Այո, թողարկվել են 750 մլն դոլարի եվրոբոնդեր: Թողարկվել են 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ»,-ասաց Գալստյանը:

Նրա վստահեցմամբ՝ Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել: ԿԲ նախագահը դա պայմանավորեց մի շարք գործոններով: Այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների և ներդրողների մոտ բավականաչափ մեծ թվով գումար կա կուտակված, և իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել:

Ըստ ԿԲ-ի՝ վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում:

Այս տարվա ապրիլին ռիսկի հավելավճարը եղել է մոտ 600 բազիսային կետ, հետո այն որոշակիորեն իջել է, եկել-հասել է 300 բազիսային կետ հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Պատերազմի ընթացքում բարձրացել է  մինչև 600, այս պահի դրությամբ մոտ կրկնակի նվազել է:

«Այսինքն՝ միջազգային ներդրողների մոտ ընկալումը՝ երկրում մակրոկայունության վերաբերյալ, հստակ է: Սա ամենակարևոր մեսիջն է»,-ասաց ԿԲ նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասաց, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո: