Ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել. Տիգրան Աբրահամյան

141

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.  

«ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հունվարի 30-ին, ՀՀ ԱԱԾ-ի կողմից, Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողները, ռուսական կողմի միջնորդությամբ, այսօր փոխանցվել են Ադրբեջանին։ ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ Վանք գյուղից Մաղավուզ են տեղափոխվել և ադրբեջանական կողմին հանձնվել 16 հիվանդներ (ադրբեջանցի)։ Պարզ հարց է առաջանում, ինչո՞ւ ենք այս մասին իմանում ՊՆ պաշտոնական կայքից։ Երկրորդ, Տեղ գյուղի հատվածում, ի՞նչ հանգամանքներում են հայտնվել, ապա ձերբակալվել 2 ադրբեջանցի զինծառայողները։ Երրորդ, ինչո՞ւ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին այն պարագայում, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացը բավականին դանդաղ է ընթանում։ Չորրորդ, ի՞նչ 16 հիվանդ ադրբեջանցիների մասին է խոսքը, երբվանի՞ց և ինչո՞ւ են գտնվել Վանք գյուղում, ապա ի՞նչ հանգամանքներում են փոխանցվել Ադրբեջանին։ Հինգերորդ, ինչո՞ւ հայկական համապատասխան կառույցներն անհրաժեշտ տեղեկատվություն չեն փոխանցել։ Կարող ե՞նք ենթադրել, որ իշխանությունը հանրությունից թաքցնելու, քողարկելու պատճառներ ունի։ Միանշանակ»:  

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ազատ են արձակվել Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ, որոնք ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի շրջանում: